Հոլանդացի գիտնականները բզեզի նոր տեսակը անվանակոչել են ի պատիվ անգլիական լեգենդար The Beatles խմբի: Այս մասին հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը:
Նշվում է, որ կարծրաթևավորների շարքին դասվող միջատը՝ մոտ 2 մմ չափով, ստացել է Ptomaphagus thebeatles (Պտոմաֆագուս Զեբիթլզ) գիտական անվանումը:
Բզեզին գտել են Ամստերդամի կենտրոնում՝ Վոնդելա պարկում, որը համարվում է հայտնի հանգստավայր Նիդեռլանդների մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար: Դա տեղի է ունեցել գիտաճանաչողական էքսկուրսիայի ժամանակ, երբ գիտնականների հետ միասին շրջակա միջավայրը ուսումնասիրում են բոլոր ցանկացողները՝ ձեռքերին խոշորացույցներ:
Պարբերականը մեջբերում է Ամստերդամի ազատ համալսարանի հայտարարությունը, որի գիտնականները բացահայտումը կատարած խմբի կազմում էին: Ինչպես հայտարարում է բուհը, ոչ մի տարօրինակ բան չկա այն բանում, որ բզեզին անվանակոչել են ի պատիվ լիվերպուլյան խմբի: Հոլանդացի գիտնականների զարմանքն է հարուցում միայն այն, որ դրա համար պահանջվել է այդքան երկար ժամանակ:
«Տարօրինակ է, որ բզեզը նախկինում երբեք չի անվանակոչվել ի պատիվ The Beatles-ի: Այժմ դա ուղղված է Contributions to Zoology գիտական ամսագրի նոր հրապարակման մեջ»,- ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ: