Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով տնտեսական գործունեության հնարավոր սահմանափակումներին, ասաց, որ կա երկու տարբերակ՝ կամ պետք է գումար տան, որ մարդիկ տանը մնան, կամ պետք է բացեն տնտեսությունը։
«Իշխանությունները, որ մարդկանց չֆինանսավորեն տանը մնալու համար, բացել են տնտեսությունը։ Հաստատվել են մի քանի ծրագրեր, բայց չկա մարդ, որ կանգնեցնենք, հարցնենք՝ այդ ծրագրերն արդյունավետ են եղել, ասի՝ այո։ Դրանք բոլորը եղել են անարդյունավետ։ Մենք առաջարկել ենք դրա փոխարեն ուղղակի աջակցել ընտանիքներին, ինչպես արվում է ամբողջ աշխարհում։ Կառավարությունը, որպեսզի չգնա այդ ֆինանսավորման ճանապարհով, բացում է տնտեսությունը և ունենք այն, ինչ ունենք։ Եթե գնանք նորից փակելու ուղղությամբ, իսկ երկու շաբաթը քիչ է, պետք է երկար փակել և մարդկանց պետք է ֆինանսավորել. Կոմունալները վճարել, վարկային, հարկային արձակուրդներ տալ։ Կարող ենք փակել, եթե բոլորին փող տանք։