Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Գերտերությունների պլանների մեջ չէր, որ Հայաստանը վերացնի Ադրբեջան պետությունը. Թուրքիան կարող էր հարձակվել

«Չմոռանանք, որ Թուրքիան, որը Ադրբեջանի «ավագ եղբայրն է», կարող էր հարձակվել Հայաստանի վրա, եթե նրան չկանխեին: Նրան կանխել են երկու կողմից՝ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը, որը պահում էր մեր սահմանը: Հայաստանը ուզեր-չուզեր՝ պետք է հաշվի նստեր այն պայմանի հետ, որ ինքն էլ վերջնականապես առաջ չգնա և դուրս չգա այդ պայմանավորվածությունների շրջանակներից»:

1990-ականների ղարաբաղյան պատերազմից հետո հայկական և ադրբեջանական կողմերի միջև անժամկետ զինադադարի հաստատումից անցել է արդեն 26 տարի: Շատերի կարծիքով՝ սա ոչինչ չասող ու ոչինչ չպարտադրող համաձայնագիր էր:

Մինչդեռ, հաշվի առնելով հաղթողի մեր դիրքերը՝ կարելի էր ավելի ծանր պայմաններ պարտադրել ադրբեջանական կողմին և ստիպել քաղաքականապես ու դիվանագիտորեն ավելի մեծ զիջումների գնալ:

Շուրջ 3-4 տարի տևած արյունալի պատերազմից հետո միջնորդների և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանի Դաշնության ակտիվ ջանքերի շնորհիվ 1994 թվականի գարնանը հաջողվեց հասնել կրակի դադարեցման: Այս գործում ակտիվ դեր են խաղացել հատկապես ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը և ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ (1992-1996) Վլադիմիր Կազիմիրովը: 1994 թ. փետրվարի 18-ին Գրաչովի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների կողմից ստորագրված արձանագրության, ապրիլի 15-ին կրկին Մոսկվայում՝ ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի մասնակցությամբ ընդունված՝ կրակը դադարեցնելու մասին հայտարարության և մայիսի 5-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Կազիմիրովի ակտիվ ջանքերով ստորագրված արձանագրության (դրանով կոչ էր արվում դադարեցնել ռազմական գործողությունները մայիսի 9-ի գիշերվանից) հիման վրա, կրկին Կազիմիրովի միջնորդությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդռաֆի Մամեդովը (Բաքվում՝ մայիսի 9-ին), ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը (Երևանում՝ մայիսի 10-ին) և Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը (Ստեփանակերտում՝ մայիսի 11-ին) ստորագրում են Զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը: Ստորագրված փաստաթղթում նշվում էր, որ արձագանքելով Բիշքեկյան արձանագրության կոչին և ի կատարումն 1994 թ. փետրվարի 18-ի արձանագրության դրույթների՝ հակամարտող Կողմերը դիմում են Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև Վլադիմիր Կազիմիրովին` հայտնելով 1994 թ. մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը իրենց` կրակը դադարեցնելու պատրաստակամությունը: Հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտնում մայիսի 12-ին:

Ինչպես նկատում ենք՝ Լեռնային Ղարաբաղի գոտում պատերազմական գործողությունների դադարեցման գործընթացում առանցքային դեր է խաղացել Ռուսաստանը, որն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մեծ ազդեցություն ունի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերն այս հարցում այնքան էլ միանշանակ չեն գնահատվում, և դա վերաբերում է նաև Բիշքեկյան զինադադարին:

Անդրադառնալով այս իրադարձություններին՝ լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է, որ եթե չլինեին ռուսական կողմի ճնշումները, ապա 1994 թ. մայիսին արցախյան ուժերը ընդամենը օրերի և շաբաթների ընթացքում կգրավեին մի շարք ադրբեջանական բնակավայրեր, գուցե՝ Թերթեր և Նավթալան քաղաքները: Ու հնարավոր է՝ դուրս գային ընդհուպ մինչև Կուր-Արաքսյան միջագետք։

Ընդհանրապես նման տեսակետները Հայաստանում և հայ իրականության մեջ շատ տարածված են, ու շատերն են մինչ օրս զարմացած, թե ինչո՞ւ հաղթող հայկական կողմը չշարունակեց ռազմական հաջողությունները կամ ինչո՞ւ անվերապահ կապիտուլյացիա չպարտադրեց Ադրբեջանին, այլ ստորագրեց շատ փխրուն զինադադարի համաձայնագիր, որն, ըստ էության, ոչինչ չէր պարտադրում պարտված ու ջախջախված ադրբեջանական կողմին:

Խոսքն առաջին հերթին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման մասին է, որին մինչ օրս չենք կարողացել հասնել: Եվ այս «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը ձգվում է արդեն 26 տարի: Նման քննադատությամբ բազմիցս հանդես է եկել հայ-ադրբեջանական պատերազմի հաղթանակում անուրանալի ներդրում ունեցած հայ լեգենդար զորահրամանատարներից մեկը՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ հայտարարելով, որ հաղթանակած պետությանը վայել չէր ստորագրելու այդպիսի խայտառակ մի զինադադար, որը չէր բխում հայ ժողովրդի և Հայաստանի շահերից։ Բայց կան նաև փորձագետներ, ովքեր համաձայն չեն նման գնահատականների հետ և ասում են, որ 94-ին Հայաստանը ավելին, քան այդ զինադադարը և այն տարածքները, որ ազատագրել ենք, ստանալ չէր կարող:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

– Պարոն Անտինյան, ի՞նչ նշանակություն ունի զինադադարի համաձայնագիրը այսօր՝ 26 տարի անց, և որքանո՞վ են կողմերը հարգում այն: Այս փաստաթուղթը կատարո՞ւմ է շփման գծում հարաբերական խաղաղությունը պահպանելու իր ֆունկցիան:

– Համաձայնագիրը, որը կնքվեց 1994 թվականին, նախ՝ դրան մասնակցեց նաև Լեռնային Ղարաբաղի կողմը, ինչը շատ կարևոր է: Եվ երկրորդը՝ մենք փաստորեն դրանով ստացանք առավելագույնը, ինչ կարող էինք այդ պատերազմի ընթացքում վերցնել, որովհետև Արցախը օրգանապես կապված է Հայաստանի հետ, և բացի այդ էլ՝ կա անվտանգության գոտի, որը հակառակորդին բավարար չափով հեռացրել է, որպեսզի մեր բնակավայրերը լինեն անվտանգ: «Դրանից հետո»-ն կյանքը ցույց է տվել: Եվ եթե այս տարիների ընթացքում պատերազմ չի եղել, որևէ մեկը շփման գծում չի եկել, կանգնել երկու հակամարտող կողմերի մեջտեղում, պարզապես, կարելի է ասել, դա եղել է բարի կամքի դրսևորում, որ իրար վրա չեն հարձակվել, ընդամենը եղել են լոկալ բախումներ, կամ ավելի ճիշտ՝ ուժերի հարաբերակցությունն այնպիսին է եղել, որ Ադրբեջանը չի կարծել, թե ինքն ի վիճակի է Հայաստանի վրա հարձակվելու և հաղթելու: Այդ իսկ պատճառով զինադադարը, որը թեկուզև շատ փխրուն է, անընդհատ խախտվել է, բայց, այնուամենայնիվ, չի հասցրել լայնամասշտաբ պատերազմի: Իհարկե, մենք ունեցել ենք 2016 թվականի ապրիլ, երբ Ադրբեջանին թվացել է, թե ինքը կարող է հաջողության հասնել, բայց հետո համոզվել է, որ չունի այդ հաջողությունը:

Իսկ եթե խոսենք այն մասին, թե ի՞նչ է այսօր մնացել 1994 թ. ստորագրված փաստաթղթից, ապա շատ բան փոխվել է, որովհետև փոխվել է աշխարհը, փոխվել է իրավիճակը: Լավն այն է, որ նոր պատերազմ չենք ունեցել, և երկրորդը՝ չենք ունեցել կորուստներ՝ չհաշված 2016 թ. ապրիլին կորցրած հեկտարները, որոնց ստույգ թիվը չեն ասում: Իսկ այսօր, երբ խոսքը գնում է այն մասին, թե ի՞նչ է ստացել Հայաստանը և ինչպե՞ս պետք է շարունակի կամ պե՞տք է արդյոք շարունակել հին բանակցությունները, թե՞ հարկավոր է նոր էջից սկսել, և նախկին իշխանություններն ասում են, թե Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հետ կապված ուներ հստակ դիրքորոշում, իսկ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի այդ հստակ դիրքորոշումը, ապա ես դրա հետ համաձայն չեմ: Ասեմ՝ ինչու: Այն հստակ դիրքորոշումը, որն ուներ Սերժ Սարգսյանը մեր այսքան տարիների հաղթանակից հետո, Կազանի փաստաթուղթն էր, որը ամենամեղմ ձևակերպումով «ղազագիր» էր՝ հանձնել 7 շրջանները, հանել Քարվաճառի հայ բնակչությանը, փախստականները վերադառնան, և Լեռնային Ղարաբաղում էթնիկ համամասնությունը լինի այնպիսին, ինչպիսին եղել է միչև 1988 թվականը: Հետո նոր որոշել կարգավիճակի հարցը հանրաքվեի միջոցով: Այս փաստաթուղթը բառացի խայտառակություն էր: Եթե դա են համարում հստակ դիրքորոշում՝ ավելի լավ կլինի, որ դրա մասին չխոսեն:

Երկրորդը, կորոնավիրուսից հետո աշխարհը կարող է կանգնել ֆինանսատնտեսական խոշոր ճգնաժամի առաջ, վառելիքաէներգետիկ ռեսուրսների գինը ընկնում է, և աշխարհի մեծերը նույնիսկ պանդեմիայի ժամանակ չեն փորձում իրենց հակամարտությունները դնել մի կողմ՝ շարունակելով պատժամիջոցները մեկը մյուսի նկատմամբ: Այս պարագայում ո՞վ է մեզ ստիպում, որ մենք շտապենք լուծելու Ղարաբաղի հարցը:

– Հետաքրքիր հարց է՝ ինչո՞ւ է այս իրավիճակում Լավրովը փորձում ակտիվացնել գործընթացը:

– Շատ լավ: Դրան էլ կպատասխանեմ: Եթե Հայաստանի կառավարությունն ունի մեկ հստակ դիրքորոշում, ապա դա այն է, որ այս պահին ոչինչ չհստակեցնել և որևէ պարտավորություն չստանձնել: Բայց երբ Լավրովը խոսեց դրա մասին, ինչը մի տեսակ հիստերիա առաջացրեց Հայաստանում, ու նաև փորձում էին ասել, թե բա ինչո՞ւ դրան չպատասխանեց Հայաստանի վարչապետը, ապա պետք է ընդգծել, որ Հայաստանի վարչապետը չպետք է պատասխաներ այլ երկրի արտաքին գործերի նախարարին:

– Ինչո՞ւ:

– Քանի որ նա բարձր մակարդակի հանդիպումներում նստում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին: Եթե մենք հարգում ենք մեր երկրի սուվերենությունը, ուրեմն արտաքին գործերի նախարարին պետք է պատասխանի իր գործընկերը: Եվ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որից հետո մենք տեսանք, որ ՌԴ ԱԳ նախարարությունը վերանայեց իր հայտարարությունը, այսինքն՝ ասաց, որ այո՛, փուլային տարբերակով պիտի լուծվի, բայց, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հարցը ներառված է: Բայց մենք բոլորս էլ գիտենք, որ պայմանագիրը, որի մասին խոսում են, կոչվում է փուլափաթեթային: Այսինքն՝ բոլոր կետերը պետք է համաձայնեցվեն փաթեթով, բայց կատարումը լինի փուլային, որովհետև այդ հարցը մեկ օրում չի լուծվի: Այս հիստերիայի մեջ բացարձակապես անիմաստ էին այն հարցերը, թե ինչո՞ւ չի Հայաստանի վարչապետը պատասխանում Լավրովին:

– Այսինքն՝ այն, որ Մնացականյանը պատասխանեց, բավարա՞ր էր: Մնացականյանն ասել էր, որ Լավրովի նշած նախագիծը բանակցային սեղանի փաստաթուղթ չէ:

– Այո՛, և բացի այդ՝ ՌԴ ԱԳՆ-ը վերանայեց իր մոտեցումը և հստակություն մտցրեց այն հարցում, թե ի՞նչ նկատի ուներ Լավրովը:

– Կարծես հետքայլ կատարեց:

– Այո՛, ուրեմն անիմաստ էր, որ Հայաստանի վարչապետը խոսեր դրա մասին: Իսկ եթե նախկինները ասում են, թե Փաշինյանը պիտի պատասխաներ, բայց չարեց, ապա մենք հարուստ փորձ ունենք ու շատ լավ հիշում ենք, թե ո՞նց եղավ, որ Նազարբաևը խոսեց Ալիևի նամակից, իսկ Սերժ Սարգսյանը, բերանը ջուր առած, նստել էր, ծպտուն չհանեց;

Բա ասող էիք՝ ասեիք, մենք էլ ձևը սովորեինք, թե ոնց են պատասխանում: Դրա համար ուզում եմ ասել, որ այսօր շատ է խոսվում այն մասին, թե Հայաստանի իշխանությունները շտապում են «փուլային տարբերակով Ղարաբաղը հանձնել» և դրա դիմաց իբր թե ստանալ աջակցություն միջազգային հանրությունից: Բայց նույն մարդիկ զուգահեռաբար ասում են, թե Նիկոլ Փաշինյանը կոշտացրել է դիրքորոշումը, ասում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ» և ոչ մի զիջում չի լինելու, եթե Ադրբեջանն էլ հարձակվի՝ մենք նրան արժանի հակահարված կտանք՝ պատերազմը տեղափոխելով հակառակորդի տարածք, և իբր նման կոշտ դիրքորոշումով ձախողում է բանակցությունները: Հիմա էլ լրիվ ուրիշ բան են ասում: Եղբայր, կողմնորոշվե՛ք՝ Նիկոլ Փաշինյանը փուլային տարբերակով շտապում է հանձնե՞լ Ղարաբաղը, թե՞ կոշտացրել է, ասում է՝ ոչ մի թիզ չեմ հանձնելու: Կողմնորոշվե՛ք:

– Բայց համաձայնեք, որ այսօր բոլորի համար էլ անորոշ է՝ ի՞նչ է բանակցվում, ի՞նչ են խոսում բանակցությունների ընթացքում: Մեկնաբանությունները շատ հակասական են:

– Սկզբից ինձ էլ էր թվում, թե հայկական կողմից իրարամերժ կարծիքներ են հնչում, բայց հետո ես ուսումնասիրելով հասկացա մի բան, որ որ չորոշակիացնելն է հենց այսօրվա դիրքորոշումը: Այլ խոսքերով՝ ստատուս-քվոն այսօր բխում է Հայաստանի շահերից, բայց չենք տապալում բանակցությունները, որպեսզի ապակառուցողական չերևանք միջազգային հանրության աչքում: Պետք չէ շտապել՝ ելնելով ադրբեջանական կողմի հոխորտանքից, և պետք չէ կուլ գնալ նախկին իշխանության ներկայացուցիչների ագրեսիային, որ դրդում են ներկայիս կառավարությանը որոշակիացնել իր դիրքորոշումը: Շտապելը բխում է Ադրբեջանի շահերից և բխում է Հայաստանի նախկին իշխանությունների շահերից, որովհետև մտադիր են Ղարաբաղի հարցը շահարկելով՝ փորձեն փոխել իշխանությունը, այլապես ստիպված են լինելու ամբողջ թալանածը վերադարձնել: Սա է: Պետք չէ դրան խաբվել: Այսօր՝ նոր իրավիճակում, Հայաստանի համար ստատուս-քվոն միանգամայն ընդունելի է, բայց հարկավոր է դա կառուցողական ձևով պահպանել, որպեսզի մեզ չմեղադրեն ապակառուցողական քաղաքականություն վարելու մեջ: Իսկ Նիկոլ Փաշինյանի ասած բանաձևը, որ հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի ժողովուրդների համար, իրականում ստատուս-քվոյի կառուցողական ձգձգում է:

Այսօր շտապելու իամստ չկա: Արցախը օրգանապես Հայաստանի մաս է, մեր ռազմաքաղաքական ու տնտեսական տիրույթում է, մենք նրա անվտանգության երաշխավորն ենք: Մենք մեկ միասնական օրգանիզմ ենք, բայց՝ երկու տարբեր պետություններ: Արցախը անկախ պետություն է, թեկուզ՝ չճանաչված: Ի՞նչն է մեզ ստիպում շտապել, ի՞նչն է մեզ ցույց տալիս, որ ժամանակը ի վնաս մեզ է աշխատում:

– Ոչ թե ստիպում է, այլ այդ պահանջը կա, որ ստատուս-քվոն պետք է փոխվի:

– Պաշտոնական Երևանի դիրքորոշումը շատ հաստակ է: Ասում է՝ ինչ որոշում էլ կայացնենք, դրան պետք է համաձայն լինեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդները: Իսկ մենք գիտենք, որ այսօր ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ժողովուրդները պատրաստ չեն թեկուզ նվազագույն զիջման: Հայաստանն ունի առավելագույնը, ինչ կարող էր ունենալ, Ադրբեջանը կորցրել է ամբողջը և համաձայն չէ մի մասը հետ վերցնելուն՝ մյուսի կարգավիճակը հաստատելու գնով, որովհետև հույս ունի, որ հետ կբերի առավելագույնը: Այսինքն՝ կողմերի տեսակետները տրամագծորեն տարբեր են, և խոսքը ոչ թե իշխանությունների, այլ հենց հասարակությունների մասին է: Ու մենք շատ լավ գիտենք դրա մասին: Ու այս իրավիճակում Հայաստանի ղեկավարը չի կարող գնալ փոխզիջման, որովհետև ինչ էլ ստորագրի՝ դա չի անցնելու: Իրեն գահընկեց կանեն, բայց դա չի անցնի:

– Իսկ համաձայն չե՞ք, որ հասարակությունները նախ պիտի իմանան, թե ի՞նչ ծրագիր է առաջարկված, որ տեսակետ հայտնեն: Այս վիճակը մի քիչ աննորմալ չեք համարո՞ւմ:

– Եթե գա այն պահը, երբ հասարակությունները կիմանան, թե ի՞նչ են բանակցում, նրանք կասեն՝ ընդունո՞ւմ են, թե՞ ոչ:

Բայց մենք ունենք առաջին ամենակարևոր խնդիրը. մենք չենք կարող հասարակություններին պատրաստել խաղաղության, եթե ամեն օր սահմանում կրակում են, ամեն օր կարող են մարդիկ զոհվել, խաղաղ բնակիչն ապրում է սահմանամերձ գոտում և ամեն օր թիրախավորված է իր դպրոցը, իր տունը: Այսինքն՝ հնարավոր չէ խոսել խաղաղության մասին, քանի դեռ հարևանը կրակում է:

– Հարևանը չի դադարեցնելու կրակը, որովհետև նա ասում է՝ «դրանք իմ հողերն են, ու եթե բանակցությունների միջոցով չվերադարձնեք՝ ես իրավունք ունեմ կրակելու»: Հետևաբար նա չի դադարեցնելու կրակը, ինչքան էլ որ դա մեզ համար անընդունելի ու հանցավոր երևույթ է: Բայց եկեք ավելի պրակտիկ նայենք հարցին: Եթե ուզում ենք դադարեցնել այդ կրակը՝ պիտի ռազմավարական այլընտրանք առաջարկենք, այլընտրանքային լուծում առաջարկենք, ձևակերպենք մեր իրավունքը այդ հողերի նկատմամբ ու դա բացատրենք միջազգային հանրությանը: Ամբողջ խնդիրն այն է, որ հիմա ադրբեջանական կողմը համոզված է, որ ինքն իրավունք ունի կրակելու ու բոլորին համոզել է դրանում: Ըստ իս՝ այստեղ է գլխավոր խնդիրը:

– Հարցն այն է, որ եթե մենք ասում ենք՝ այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի, ապա այսօր առավել ևս չունի՝ հաշվի առնելով այն, որ աշխարհի «գլուխը խառն է», հաշվի առնելով այն ճգնաժամը, որում հայտնվել ենք, և հաշվի առնելով այն, որ մենք ունենք մահաբեր զենք, որի դեպքում Ալիևը երբեք չի ցանկանա իր պաշտոնանկության գնով պատերազմ սկսել:

– Իմիջիայլոց, հաշվի առնելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի այն հայտարարությունը, թե ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ մեծացել է, այսօր որքանո՞վ եք իրական համարում նոր ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից կամ ռազմական սադրանքները:

– Մենք հիմա պետք է ցանկացած օր պատրաստ լինենք պատերազմի, բայց նկատի ունենալով այսօրվա աշխարհաքաղաքական, տարածաշրջանային բոլոր զարգացումները՝ ես այս պահին բացառում եմ, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի: Դա չի նշանակում, որ մենք պատրաստ չպիտի լինենք: Մենք պատրաստ պիտի լինենք, որպեսզի դա հասկանա նաև Ադրբեջանը: Բայց այսօր մենք կարող ենք մահացու հարված հասցնել Ադրբեջանին: Դա է պատճառը, որ Ադրբեջանը չի փորձելու պատերազմ սկսել: 2016 թվականին Ադրբեջանը հասկացավ, որ ինքը կարող է դա անել, որովհետև նա տեսավ, որ Կազանում հայկական կողմը պատրաստ է խայտառակ զիջումների: Նա մտածեց, որ այդպիսի զիջման գնացող իշխանությունը, որը բարոյալքված է, որի բանակի գեներալիտետը թաղված է կոռուպցիայի մեջ, որ լուրջ անջրպետ կա հասարակության և իշխանության միջև, այդ պարագայում եթե հարձակվի՝ կարող է հաջողություն ունենալ: Միայն թե նա հաշվի չէր առել, որ շարքային հայ զինվորը պաշտպանում է իր Հայրենիքը, իր տունը, ոչ թե Սերժ Սարգսյանի իշխանությունը: Սա է հարցը: Նա հասկացավ, որ Սերժ Սարգսյանը չի իր դեմ դուրս եկել: Նա հասկացավ, որ հայ ժողովուրդն է իր դեմ դուրս եկել: Իսկ եթե նախկին իշխանությունները լավ բանակցող էին՝ Ապրիլյան պատերազմը պիտի բացառվեր:

– Ի դեպ, որոշ վերլուծաբաններ ասում են, որ Լավրովի ակնարկած նախագիծը՝ «Լավրովի պլանը», մեզ համար նույնիսկ ավելի խայտառակ ծրագիր է, քան Կազանի փաստաթուղթը: Այլ խոսքերով՝ եթե Կազանի նախագիծը ենթադրում էր հանրաքվե նախկին ԼՂԻՄ-ի տարածքում կարգավիճակի վերաբերյալ, ապա «Լավրովյան պլանը» Ղարաբաղի կարգավիճակի հարցն ընդհանրապես անորոշության է թողնում:

– Լավրովի փաստաթուղթը այդպես էլ սեղանին չի դրվել, չի հրապարակվել, միայն գիտենք ակնարկների մակարդակով:

Բայց չէ՞ որ դա ներկայացված է եղել նախկին իշխանություններին Ապրիլյան պատերազմի արդյունքից հետո: Կոպիտ ասած՝ մեզ է խաղաղություն պարտադրվել: Այն, որ կանչեցին Մոսկվա ու ասացին՝ դադարեցրե՛ք, դրանից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «մենք չենք նստի՝ փաստաթուղթ ստորագրենք, զինադադարին չենք համաձայնվի՝ եթե Ադրբեջանը չվերադառնա 2016 թ. ապրիլի 1-ի դիրքերին»: Ադրբեջանը չվերադարձավ այդ դիրքերին, բայց, միևնույն է, մենք համաձայնվեցինք դադարեցնել ռազմական գործողությունները: Այսինքն՝ Սերժ Սարգսյանին պարտադրվեց դա:

– 2016 թ. ապրիլի 5-ին զինադադար հաստատելու այդ ենթադրյալ պարտադրանքը կրկին կապվում է «դավաճանության», «դավադրության», «պայմանավորվածության» վարկածների հետ, որովհետև այդ պահին հայկական ուժերը հակահարձակման էին գնում՝ կորցրած դիրքերը հետ բերելու համար: Եվ ենթադրաբար Մոսկվան պարտադրեց մեզ դադարեցնել գործողությունները: Այդ առումով են Խաչատուրովին քննադատում:

– Այո՛, և ճիշտ են անում, որովհետև հենց որ հայկական զորքն ուշքի եկավ և անցավ հակահարձակման, երկրի նախագահը կանգնեց ու հայտարարեց, թե մենք առաջ ենք գնալու և մեկ էլ հապշտապ համաձայնվեց դադարեցնելուն: Եվ դա կանխեց մեր առաջխաղացումը:

– 1994 թվականի մայիսյան զինադադարի հետ կապված էլ կան նույն կասկածները, որ Մոսկվան է կասեցրել մեր զորքերի հաղթարշավը: Ինչո՞ւ ստորագրվեց այդ ոչինչ չասող, ոչինչ չպարտադրող համաձայնագիրը և չպարտադրվեց կապիտուլյացիա:

– Այդ պատերազմը նախաձեռնեց Ադրբեջանը, բայց շարունակեց և հաղթեց հայկական կողմը: Սակայն միջազգային հանրության պլանների մեջ չէր մտնում այն, որ Հայաստանը արցախյան պատերազմում կապիտուլյացիա կպարտադրի Ադրբեջանին, իսկ գործնականում կհաղթի նրան ու կվերացնի այդ պետությունը: Չմոռանանք, որ Թուրքիան, որը Ադրբեջանի «ավագ եղբայրն է», կարող էր հարձակվել Հայաստանի վրա, եթե նրան չկանխեին: Նրան կանխել են երկու կողմից. և՛ Միացյալ Նահանգներն է ասել՝ «չհարձակվե՛ս», և՛ ռուսական բանակն էր պահում մեր սահմանը: Այսինքն՝ մենք երկկողմանի ապահովություն ունեինք, որ Թուրքիան ագրեսիա չի գործի: Իսկ մենք գիտենք, որ Թուրքիան ագրեսոր պետություն է, մենք գիտենք, որ Թուրքիան առանց որևէ խոչընդոտի անգամ ճանաչված պետության նկատմամբ կարող է ոտնձգություններ անել: Խոսքը ոչ միայն Սիրիայի, Իրաքի մասին է, այլև ՆԱՏՕ-ի, Եվրամիության անդամ Հունաստանի: Նշանակում է՝ նրան զսպելու համար այդպիսի լուրջ գործոններ կային, որ Թուրքիան չհարձակվի Հայաստանի վրա: Հայաստանը ուզեր-չուզեր՝ պետք է հաշվի նստեր այն պայմանի հետ, որ ինքն էլ վերջնականապես առաջ չգնա և դուրս չգա այդ պայմանավորվածությունների շրջանակներից: Այդտեղ ես վատ բան չեմ տեսնում: Մենք պիտի հետ գնանք և ռետրոսպեկտիվ հայացքով նայենք, թե այն ժամանակ ինչո՞ւ մենք դրան համաձայնվեցինք: Մենք ինչ կարողացանք վերցնել՝ դա ամրագրեցինք: Ավելին մեզ ուղղակի թույլ չտրվեց:

– Դուք կարծում եք, որ ավելին մենք չէի՞նք կարող պարտադրել:

– Եթե մեզ մնար՝ կարող էինք, բայց մեզ չէր մնա, որովհետև խնդիրն այն է, որ Ադրբեջանը նավթագազային երկիր է, ունի կարևոր նշանակություն գերտերությունների համար, Ռուսաստանն ունի լուրջ հետաքրքրություններ՝ կապված նրա հետ, կապված Կասպից ծովի բաժանման, համատեղ օգտագործելու հարցերի հետ: Այսինքն՝ այնպես չէ, որ այդ երկիրը կարելի էր ուղղակի անտեսել: Հայկական զորքն ի՞նչ էր անելու, Ադրբեջանը գրավելո՞ւ էր:

– Իսկ ինչո՞ւ ոչ:

– Այնքան էլ այդպես չէ, որ դա մեզ կհաջողվեր: Նորից եմ ասում՝ եթե մենք խոսում ենք, որ մեր բանակը նրանց բանակի դեմ է դուրս եկել, ուրեմն մենք անտեսում ենք աշխարհի ազդեցությունը: Չէ՞ որ ինչ-որ պահեր են եղել, երբ ռուսական ուժերը մեզ են ճնշել, ինչ-որ պահ է եղել՝ չեն խառնվել, ինչ-որ պահ է եղել՝ մենք նրանցից զենք ենք վերցրել: Գուցե խլել ենք, բայց կարող է՝ պայմանավորված հանձնել են: Ինչ-որ պահ է եղել, որ մենք գնել ենք: Այնպես որ, եթե պատմական հարց ենք քննում՝ եկեք պատմական ռակուրսով նայենք, թե այն ժամանակ մենք ի՞նչ ունեինք: Այն ժամանակ մենք ինչ որ ունեինք՝ առավելագույնը ստացել ենք: Այսինքն՝ անկախ Լեռնային Ղարաբաղ, որը օրգանապես կապված է Հայաստանի հետ, և վերջապես՝ անվտանգության գոտի: Արցախի ամբողջ պարագիծը մեր վերահսկողության տակ է:

Դրանից ավելին դժվար թե կարողանայինք վերցնել: Գուցե եթե Հայաստանի ղեկավարը ավելի ագրեսիվ լիներ՝ ավելի մեծ հաջողության հասնեինք, կամ էլ կարող է՝ այդ ագրեսիվությունը մեզ կործաներ: Այսօրվա հեռավորությունից գնահատական տալը բարդ է: Այդուհանդերձ, խոշոր գերտերությունները մեզ չարգելեցին այսքանը վերցնել, բայց նաև ասեցին, որ «դրանից առաջ մի՛ գնացեք»: Մենք ընդունեցինք խաղի այդ կանոնները:

– Ուզում եք ասել, որ Տեր-Պետրոսյանի չափավոր մոտեցումն է՞լ է իր դերը խաղացել: Որովհետև այդ հայտնի տեսակետներն էլ կան, թե «Լևոնը չթողեց՝ Բաքուն գրավենք» և այլն, և այլն: Այս կարգի խոսակցություններ էլ կան:

– Այսպիսի մի բան ասեմ՝ դաշտային հրամանատարը կարող է չիմանալ, թե երկրի ղեկավարին ի՞նչ է պարտադրվում:

Դաշտային հրամանատարը նայում է, որ թշնամին փախնում է, և ինքն առաջ է գնում, բայց նա չգիտի՝ մինչև հիմա ինչքա՞ն է թույլ տրված, որ ինքն առաջ գնա: Պետք չէ պատերազմը դիտարկել դաշտային հրամանատարների մակարդակով: Պատերազմի արդյունքներն ամրագրելը դիվանագիտություն է: Պիտի կարողանաս դիվանագիտորեն ամրագրել այն, ինչ գրավել ես, այն, ինչ ազատագրել ես:

– Հասկանալի է: Բայց չէ՞ որ մենք հաջողության ենք հասել այս պատերազմում ի հեճուկս նույն միջազգային հանրության շատ ու շատ կարծիքների, այս կամ այն տերության, այդ թվում՝ Ռուսաստանի ծրագրերի, մոտեցումների, վարած քաղաքականության, ի հեճուկս շատ ու շատ կարծրատիպերի: Բայց դուք ասում եք, որ ինչ-որ «կարմիր գիծ» կա, որից այն կողմ մենք չէինք կարող անցնել:

– Մենք կարող ենք դա «ի հեճուկս» ասել, եթե չտեսնեինք, թե ի՞նչ է կատարվում Իրաքում, ի՞նչ է կատարվում  Սիրիայում և ինչպե՞ս են Եվրոպայի կենտրոն Հարավսլավիան, Բելգրադը ռմբակոծում ՆԱՏՕ-ի զորքերը, պարտադրում ինչ-որ լուծում, ինչպե՞ս էին Դեյթոնյան համաձայանգիր ստորագրել տալիս՝ կողմերին տանել-մտցնելով սենյակի մեջ ու ասելով, թե «մինչև չստորագրեք՝ այստեղից դուրս չեք գա»: Բայց մինչև Դեյթոնյան համաձայնագիրը իրենք ռմբակոծում էին առաջնագիծը, որ պարտադրեին սերբերին գնալ համաձայնության: Մենք չե՞նք տեսել՝ ինչպես են հարցերը լուծում: Եթե ուզում ենք այդ ամենը հաշվի չառնել՝ նշանակում է, որ չենք հասկանա՝ ինչպե՞ս եղավ, որ մեզ նման բան չպարտադրվեց: Այո՛, կային գերտերությունների հակասություններ, տարածաշրջանը բավական լարված էր, գերտերությունները նաև ինչ-որ տեղ մտածում էին, որ Ռուսաստանի շահը շատ չոտնահարեն, քանի որ Ռուսաստանը շահեր ունի Հայաստանում: Բայց Ռուսաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի կործանմամբ, որովհետև այս երկու երկրների շահերը շատ հարցերով ընդհանրական են: Մենք պիտի չանտեսենք այս ամենը: Ռուսաստանը կկորցնի իր դերը տարածաշրջանում, եթե որևէ տարբերակով այս պատերազմը դադարի: Նա միջնորդի դեր է խաղում այս կոնֆլիկտում, և երկու կողմերն էլ դիմում են նրան: Իսկ եթե մենք որևէ ձևով համաձայնության հասնենք՝ այլևս հզոր հյուսիսային գործընկերոջը դիմելու խնդիր չի առաջանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում