ՀԱԿ-իշխանություն երկխոսության արդյունքում կարող է քննարկման առարկա դառնալ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով՝ եթե հիմնավորումների համալիրը բերի տվյալ հարցի այսպիսի լուծման, պետք է լուծում ստանա:
Բոստանջյանը փաստեց, որ պատվիրակությունների մակարդակով այդ լիազորությունները չունեն, և նման որոշում պետք է կայացնեն իշխանության համապատասխան թևերի ներկայացուցիչները: Բոստանջյանը ՀԱԿ-ի պահանջները որակեց որպես օբյեկտիվ. ցանկացած քաղաքական ուժ պետք է հնարավորություն ունենա իր տեսակետները ներկայացնելու հեռուստաեթերով, միաժամանակ նշեց, որ հեռուստատեսության և մամուլի միջոցները, լավ թե վատ, լուսաբանել են ՀԱԿ-ի հանրահավաքները:
Բոստանջյանի խոսքով՝ ի վերջո հարցը հանգելու է Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան երկխոսությանը, իսկ մինչ այդ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը հող կնախապատրաստի դրա համար, ինչը Բոստանջյանը անվանեց ինկուբացիոն շրջան: Ըստ Բոստանջյանի՝ առաջիկա երկուշաբթի օրը պատվիրակությունների համակարգողները` Լևոն Զուրաբյանը և Դավիթ Հարութունյանը, կպայմանավորվեն հաջորդ հանդիպման մասին, ինչը, ենթադրվում է, տեղի կունենա հենց հաջորդ շաբաթ:
Լրագրողներից մեկի դիտարկումը, թե նախկինում Բոստանջյանը միտք է հայտնել, որ «երկխոսության իմիտացիա կանեն», ԲՀԿ պատգամավորին վրդովեցրեց. «Մենք մտածում ենք երկրի մասին, իսկ դուք ինչ եք ուզում: Իբր ուժեղ ժուռնալիստ եք, ինձ ուզում եք պռոսակի մեջ գցել»: Բոստանջյանը նաև նշեց, որ 21-րդ դարը այն ժամանակն է, որ մինչև կռիվ անելը պետք է փորձեն իրար հասկանան:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչքան պետք է ձգվի երկխոսությունը, և եթե որոշակի համաձայնության չգան, ինչ կհաջորդի դրան, Բոստանջյանը պատասխանեց. «Ուզում եմ՝ համաձայնության գանք, եթե չգանք՝ ձեռնպահ եմ մնում հետագա կանխագուշակումներից»: Ամեն դեպքում, բանախոսը նկատեց, որ երկխոսության ինստիտուտի «տեղադրումը» արդեն արդյունք է, և պետք է հանդուրժողական լինել։










































