Պատժելի է դարձել նաև թրաֆիքինգի զոհի ծառայություններից օգտվելը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԿՀ 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը՝ հավելելով, որ Քրեական օրենսգրքում փոփոխությունն ուժի մեջ է մտել ապրիլի 9-ից, որը չի վերաբերում այն դեպքերին, երբ ծառայություններից օգտվողը զոհի մասին հայտնում է իրավապահ մարմիններին:
«Կա թերահավատություն ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետության նկատմամբ: Եթե մենք գնահատեինք մեր աշխատանքը, հնարավոր է՝ ավելի շատ թերացումներ նկատեինք, քանի որ այս բնագավառում անելիքները դեռ շատ են, սակայն ես համամիտ չեմ ԱՄՆ պետդեպի՝ մարդկանց թրաֆիքինգի մասին ամենամյա զեկույցում մի քանի դրույթների հետ»,- նշեց ոստիկանության փոխգնդապետը՝ անդրադառնալով ամենամյա զեկույցին:
Տեղեկացնենք, որ պետքարտուղար Հիլարի Ռոդհամ Քլինթոնը ս.թ. հունիսի 27-ին ժամը 14:30-ին հայտարարեց Մարդկանց թրաֆիքինգի մասին 11-րդ ամենամյա զեկույցի հրապարակման մասին: 184 երկրների մասին այս զեկույցը մարդկանց թրաֆիքինգի կամ ժամանակակից ստրկության դեմ պայքարի ուղղությամբ առանձին երկրների կառավարությունների ջանքերը դիտարկող ամենաընդգրկուն և համապարփակ ուսումնասիրությունն է աշխարհով մեկ:
Այս տարվա զեկույցը կրում էր «Արդյունքների տասնամյակ» խորագիրը և կոչ էր անում բոլոր երկրների կառավարություններին, այդ թվում՝ և Միացյալ Նահանգներին, առաջիկա տասնամյակում ապահովել հակաթրաֆիքինգային այն արդյունքները, որ նախանշվում են ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան լրացնող «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգի կանխարգելման, արգելման և պատժման մասին» արձանագրության մեջ անկախ այն հանգամանքից՝ տվյալ երկիրը միացե՞լ է արձանագրությանը, թե՞ ոչ:
Այս տարվա զեկույցի կարևորագույն ենթաթեմաներից մեկը ժամանակակից ստրկության դեմ պայքար խորացումն էր դասակարգման սանդղակի առաջին խմբից այն կողմ: Զեկույցը կոչ էր անում բոլոր կառավարություններին, նույնիսկ այն երկրների, որոնք տեղ են գտել դասակարգման սանդղակի առաջին հորիզոնականում, առավել խստացնել թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքները:
Հայաստանին վերաբերվող հատվածում նշվում էր, որ, հիմնվելով կառավարության աշխատանքի ուսումնասիրությունների և մամուլի հրապարակումների վրա, Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտներին, արդյունքում հայտնվել է երկրորդ խմբում։ Տ. Պետրոսյանի փաստմամբ՝ Հայաստանն արդեն երրորդ տարին է, ինչ հայտնվում է երկրորդ խմբում, մինչդեռ ՌԴ-ն երրորդ խմբում է, իսկ առաջին խմբում են Վրաստանը և Լիտվան: Ոստիկանության փոխգնդապետն այս զեկույցը համարում է ՀՀ կառավարությանն աջակցություն՝ զեկույցում չտեսնելով որևէ քաղաքական ենթատեքստ:
Խոսելով այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալներից՝ Տ. Պետրոսյանը նշեց, որ ավելի քիչ են թրաֆիքինգի ավանդական դեպքերը, երբ կանայք տեղափոխվում էին Թուրքիա և շահագործվում, սակայն վարույթում կան հինգ քննվող գործեր: Նա նաև անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից այգում երեխաներ են շահագործվում՝ նշելով, որ իրավապահ մարմինները կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել:












































