Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Բահչեշեհիրի համալսարանը Թուրքիայի 54 քաղաքներում հարցախույզ է անցկացրել 1605 մարդկանց շրջանում՝ պարզելու, թե նրանց քանի տոկոսն է իրեն երջանիկ համարում։
Պարզվել է, որ յուրաքանչյուր 100 անձանցից 77-ը իրեն երջանիկ է համարում։ 2001 թվականին այդ ցուցանիշը կազմել է 59 մարդ։
Համալսարանի ռեկտոր Յըլմազ Էսմերը հայտնել է, որ իրենց կյանքից գոհ լինողների ցուցանիշն աճել է 18 տոկոսով՝ հասնելով 73 տոկոսի։
Իրեն միջին խավի ներկայացուցիչ համարողների քանակը կազմել է 69 տոկոս, մինչդեռ 1996 թվականին այդ ցուցանիշը կազմել է 47 տոկոս։
Իրեն բանվոր համարողների քանակն անկում է ապրել՝ 1996 թվականի 43 տոկոսից նվազելով մինչև 25 տոկոսի։ Ցածր խավի ներկայացուցիչների քանակը նույնպես անկում է ապրել 4 կետով՝ հասնելով 5 տոկոսի։
Այս ամենի հետ մեկտեղ, գրանցվել է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ցուցաբերման կտրուկ անկում։ Եթե 2001 թվականին 53 տոկոսը գտնում է, որ հարգվում են իր իրավունքները, ապա այս տարի այդ ցուցանիշը նվազել է մինչև 16 տոկոսի։
Չծխողների քանակը կազմել է 63 տոկոս, աշխատանքը կորցնելուց հետո նոր աշխատանք չկարողանալ գտնելուց վախենում է 68 տոկոսը, մեդիային վստահում է 41 տոկոսը, երեխաներին ավելի լավ կրթություն ապահովելու մասին մտահոգված է 76 տոկոսը, այլազգիներին հավատում է 39 տոկոսը, առաջին ծանոթությունից մարդկանց վստահում է 24 տոկոսը, իրենց բնակության շրջաններում անվտանգ չի զգում 17 տոկոսը, կառավարությանը վստահում է 61 տոկոսը, բանակին վստահում է 75 տոկոսը, իսկ ոստիկանությանը՝ նույնպես 75 տոկոսը։










































