Այսօր ՀՀ Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց ներկայացնել, թե կորոնավիրուսի հետ կապված ինչ իրավիճակ է այս պահին։
«Պարո՛ն Թորոսյան, մենք նախորդ օրը շատ մեծ թիվ ենք ունեցել նոր դեպքերի, խնդրում եմ ներկայացրեք»,- ասաց վարչապետը։
Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Այո՛, վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք։ Այսպիսով ընդհանուր դեպքերի թիվը՝ 2066։ Հավելյալ 29 բուժված քաղաքացի ենք ունեցել, ընդհանուր 929 բուժված կա։ Այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ գտնվող անձանց քանակը 1103 է։ Դժբախտաբար, ունեցել ենք նաեւ 2 մահվան դեպք, եւ կորոնավիրուսից ընդհանուր մահվան դեպքերի թիվը 32 է։ Արհեստական շնչառության սարքերի վրա այս պահին ունենք 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝ 59 քաղաքացի»։










































