Արդեն վաղը հայկական ֆուտբոլային ակումբները կվերսկսեն մարզումները՝ նախապատրաստվելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը։ Մասնավորապես, ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք բաժանվել են ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին: Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան 20 անձ՝ ներառյալ ֆուտբոլիստներ, մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ: Մեկ շաբաթ անց ՀՖՖ-ն կքննարկի Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև գավաթի խաղարկության վերսկսման հարցը։ Հնարավոր ժամկետներն են մայիսի երկրորդ կես-հունիսի սկիզբը՝ կախված Հայաստանում արտակարգ դրության ավարտից և մի շարք այլ հանգամանքներից։
Սա կարելի է կարևոր և պատասխանատու քայլ համարել համավարակի դեմ պայքարում։ Այսօր մատների վրա կարելի է հաշվել այն երկրները, որտեղ ֆուտբոլային ակումբները մարզումները վերսկսելու հնարավորություն են ստացել։ Այս որոշմամբ ՀՀ կառավարությունն ըստ էության փորձում է փրկել հայկական ֆուտբոլն ու մասնավորապես ներքին առաջնությունը։
Պանդեմիայի հետևանքով համաշխարհային ֆուտբոլում խորը ճգնաժամ է հասունանում։ Եվրոպական բազմաթիվ ակումբներ արդեն իսկ հայտարարել են սնանկացման մասին։ Գրանդ ակումբներն իրենց հերթին, ֆուտբոլիստների հետ համաձայնության գալով, զգալիորեն նվազեցրել են աշխատավարձը մի քանի ամիս ժամանակ շահելու նպատակով։ Ազգային առաջնությունների դադարեցման հետևանքով ակումբները զրկվել են եկամուտից, և դեռևս հայտնի չէ, թե երբ կվերականգնվեն ֆինանսական հոսքերը։ Եվրոպական բարձրակարգ թիմերի եկամուտի հիմնական աղբյուրներն են հանդիպումների հեռուստահեռարձակումներից, տոմսերի վաճառքից, գովազդներից, ինչպես նաև մարզաշապիկների և ակումբի այլ ատրիբուտների վաճառքից գոյացած գումարները։ Այս գործընթացները վերջին շրջանում հասել են 0-ական վիճակի։ Եթե հունիսին ազգային առաջնությունները չվերսկսվեն, ապա սնանկ կճանաչվեն նաև եվրոպական գրանդ ակումբները։
Կարծում ենք՝ պարզ է, որ աշխարհի շատ երկրներում հաստատված կարանտինի ավարտից հետո կունենանք նոր ֆուտբոլ, որը մի շարք գործոններով կտարբերվի նախկինից։ Փորձենք պատկերացնել, թե ինչ ազդեցություն կարող է թողնել ստեղծված իրավիճակը հայկական ֆուտբոլի և, մասնավորապես, հայկական ակումբների վրա։ Հայաստանի առաջնության հանդիպումներին ներկա են գտնվում մի քանի տասնյակ, լավագույն դեպքում մի քանի հարյուր հանդիսականներ։ Հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումների հեռարձակումները ևս լսարան չունեն։ Ատրիբուտների վաճառքից գոյացած միջոցների մասին խոսելն էլ ավելորդ է։ Ի տարբերություն եվրոպական բարձր և միջին մակարդակի ակումբների՝ մեր թիմերը իրենց գոյությունը պահպանում են բացառապես սեփականատերերի շնորհիվ։ Ավելի ստույգ՝ ունենք մոտ 2 տասնյակ գործարարներ, որոնք ֆուտբոլի սիրահար են, առանց եկամուտի ակնկալիքի ներդրումներ են կատարում և, կոպիտ ասած, պահում հարյուրավոր ֆուտբոլիստների և ակումբի այլ աշխատակիցների։
Նշենք նաև, որ հայկական թիմերում հանդես եկող ֆուտբոլիստների զգալի մասը լեգեոներներ են։ Այսինքն՝ ակումբների սեփականատերերը հոգում են նաև դրսից հրավիրված խաղացողների կացության ծախսերը։ Բնական է, որ պանդեմիայի հետևանքով նյութական կորուստներ կկրեն նաև ակումբների սեփականատերերը, ինչի հետևանքով էլ ծանր հարված կստանան նաև թիմերը։
Իսկ ինչ ճակատագիր է սպասվում հայկական ակումբներին։ Օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ մի քանի թիմեր պարզապես չեն շարունակելու ելույթը բարձրագույն խմբում և կլուծարվեն։ Դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն կայացրել էր որոշում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի՝ 2018/19 մրցաշրջանի համերաշխության վճարներից ՀՖՖ-ին հասանելիք 388 հազար 927 եվրոն ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից 10 ակումբների միջև անհավասարաչափ բաշխելու վերաբերյալ: Ավելի ուշ՝ 2020 թվականի հունվարի 24-ին, ՈՒԵՖԱ-ն ՀՖՖ-ին տեղեկացրել էր, որ նույն մրցաշրջանի համար նախատեսված համերաշխության վճարներն ավելացել են, և ՀՖՖ-ի բաժինը կազմել է 502 հազար 788 եվրո: Հաշվի առնելով այս փոփոխությունը՝ ՀՖՖ-ն որոշում էր կայացրել Գործադիր կոմիտեի որոշման հիման վրա, վերոնշյալ նույն սկզբունքով, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների միջև բաժանել 502 հազար 788 եվրո գումարը: Սա որոշ չափով կթեթևացնի ակումբների հոգսերը, սակայն ի՞նչ կլինի հետո։
Թույլ տալով մարզումներ անցկացնել՝ ՀՀ կառավարությունը հնարավորություն է տվել թիմերին վերադառնալու մարզումային փուլ։ Սա խթան և մոտիվացիա պետք է հանդիսանա մեր ակումբների համար շարունակելու պայքարը։ Կարծում ենք՝ մոտ ապագայում կվերսկսվի նաև Հայաստանի առաջնությունը։






































