Հայաստանի 448 համայնքներում կան հանքարդյունաբերության ոլորտում օգտագործվող հողատարածքներ, որոնք գտնվում են գյուղատնտեսական նշանակության հողատարածքների կատեգորիայի տակ: Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ, մի շարք որոշումներով, 11 համայնքներում գոտիականությունը փոխվել է, ինչի արդյունքում համայնքների բյուջեների եկամտային մասը կավելանա 133 մլն 784 հազ. դրամով:
«Կատեգորիաներ ունենք, որտեղ այս կարգի հողեր դեռ կան, և եթե նույնիսկ դրանց մի մասի համար նպատակահարմար լինի կատեգորիաները փոխել, բավական հավելումներ կունենանք»,- ասաց Վ. Տերտերյանը:
Անդրադառնալով ՏԿՆ գործունեության կիսամյակային ցուցանիշներին՝ Վ. Տերտերյանը տեղեկացրեց, որ հարկային եկամուտները միասին կազմել են 6 մլրդ 305 մլն 187 հազ. դրամ: ՀՀ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 85.9 %-ով, որը 2010 թ. համեմատ աճել է 6.6 %-ով, գույքահարկի հավաքագրումը կատարվել է 85.3 %-ով, որը 2010 թ. համեմատ աճել է 7.2 %-ով:
Նախորդ տարվա համեմատ 6.8 %-ով պակաս է հավաքագրվել հողի հարկը (այս տարվա հավաքագրումը՝ 82.0 %-ով): Փոխնախարարի կարծիքով, սա պայմանավորված է նաև եղանակային անբարենպաստ պայմաններով և գյուղատնտեսական սեզոնի անհաջող մեկնարկով, բայց, ըստ նրա, մինչև տարեվերջ խնդիրը կկարգավորվի:
Աշխատավարձերի նախկին տարիների կուտակված 2.3 մլրդ դրամ (2008 թ. հունվարի 1-ի դրությամբ) պարտքից 2011 թ. հուլիսի 15-ի դրությամբ առկա է 284 մլն դրամ պարտք: «Եթե ոչ այս տարի, ապա մյուս տարի պարտքի հարցը կլուծենք»,- խոստացավ Վ. Տերտերյանը՝ հավաստիացնելով, որ նոր պարտքեր այլևս չեն կուտակվում:










































