Միջազգային ֆինանսական հեղինակավոր կառույցներն օրերս հրապարակել են հարավկովկասյան երկրների 2020-ի տնտեսական աճի տեմպերի վերաբերյալ իրենց կանխատեսումները։
Մասնավորապես, ըստ Ասիական զարգացման բանկի կանխատեսումների՝ Հայաստանը 2020-ը կամփոփի 2․2 տոկոս տնտեսական աճով, Ադրբեջանը՝ 0․5 տոկոս, իսկ Վրաստանը՝ 0 տոկոս։
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանը կունենա 1․7 տոկոս տնտեսական աճ, Վրաստանը՝ 0․1 տոկոս, իսկ Ադրբեջանը՝ 0․2 տոկոս։
Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականն այլ է՝ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում կառույցը տնտեսական անկում է կանխատեսում, ավելի կոնկրետ՝ Հայաստանում՝ 1․5 տոկոս, Ադրբեջանում՝ 2․2 տոկոս, իսկ Վրաստանում՝ 4 տոկոս։
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն առավել իրատեսական են։
«Ցանկացած կանխատեսման դեպքում շատ կարևոր է իմանալ, թե կոնկրետ երբ է այն իրականացվել, որովհետև կանխատեսումից մինչև հրապարակում միջանկյալ ժամանակահատված գոյություն ունի, որը միջազգային կառույցների դեպքում կարող է բավականին երկար տևել և հրապարակման պահին, ըստ էության, այդ կանխատեսումն որոշակիորեն արդիական չլինել՝ հաշվի առնելով այն դինամիկան, որը ներկայումս առկա է տնտեսության մեջ։ Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է այս երեք միջազգային կառույցների կանխատեսումների միջև եղած տարբերությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց տնտեսագետն ու միևնույն ժամանակ հավելեց նաև․
«Ինչ վերաբերում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսական աճի՝ այս կառույցների գնահատականներին ու դրանց միջև եղած ակնառու տարբերությանը, ապա դա պայմանավորված է նրանով, որ, օրինակ, Վրաստանի ՀՆԱ-ում զբոսաշրջության արժեքային շղթայի մասնաբաժինը մեծ տեսակարար կշիռ ունի, և հաշվի առնելով, որ համավարակը հիմնականում խոցել է տնտեսության հենց այս ոլորտը, ապա, բնականաբար, Վրաստանում ավելի նկատելի է այդ անկումը, իսկ Ադրբեջանի պարագայում որոշիչ գործոնը տնտեսության կախվածությունն է նավթային եկամուտներից, որովհետև նավթարդյունաբերական համալիրի մասնաբաժինը նրանց տնտեսության կառուցվածքում բավականին լուրջ կշիռ ունի, իսկ այժմ, բոլորս էլ գիտենք, որ համաճարակային այս պայմաններում նավթամթերքի նկատմամբ պահանջարկը բավականին նվազել է, որն էլ իր հերթին ազդել է նավթի համաշխարհային գների վրա»։
Նշենք, որ այս տարվա ՀՀ պետական բյուջեի համաձայն՝ 2020-ին Հայաստանը պետք է արձանագրեր 4․9 տոկոս տնտեսական աճ։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ստեղծված այս իրավիճակում և արտակարգ դրության պայմաններում, կառավարության ներկայացուցիչները դեռևս չեն շտապում տնտեսական անկման կոնկրետ ցուցանիշներ հրապարակել, սակայն նշում են, որ ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշները զգալիորեն ցածր կլինեն ավելի վաղ նախատեսվածից։
Այս համատեքստում Հայկազ Ֆանյանն արձանագրեց, որ այս տարվա համար նախատեսված 4․9 % տնտեսական աճը, միանշանակ, իրատեսական չէ։
Ավելին, տնտեսագետի խոսքերով՝ իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2020-ին Հայաստանում տնտեսական աճի անկումը կարող է լինել մինչև 3 %։
«Կարծում եմ, որ որոշ չափով կայունանալուց հետո, երբ մեզ համար արդեն հստակ պարզ կլինի, թե, օրինակ, արտակարգ դրության ավարտից հետո ինչ ծավալի կորուստներ ենք ունեցել, ապա տնտեսական աճի մասով վերանայումներ կլինեն, և դա նորմալ գործընթաց է, որը տարբեր երկրներում լինում է։
Ըստ իս՝ մեր կառավարությունը, ամենայն հավանականությամբ, բյուջեի ծախսային մասը կթողնի նույնը, իսկ եկամուտների մասով կրճատումներ կլինեն, այսինքն՝ այն ներքին աղբյուրներից, որոնցից եկամուտների հավաքագրումներ պետք է լինեին, այդ եկամուտները կկրճատվեն, և դեֆիցիտն ավելի կմեծանա իր նախանշված չափաքանակից, և այս դեպքում արդեն պետությունը պետք է հասկանա, թե ինչ աղբյուրների միջոցով ֆինանսավորի այս դեֆիցիտը։ Կարծում եմ՝ այստեղ խոսքը կարող է վերաբերել նույն Արժույթի միջազգային հիմնադրամին կամ այլ միջազգային կառույցների օգնությանը դիմելուն, որովհետև դրանց հետ որոշակի պայմանավորվածություններ կան, որ նմանատիպ իրավիճակներում իրենք կարող են շատ պարզեցված ընթացակարգերով ֆինանսական միջոցներ ներգրավել և ուղղել բյուջետային ծախսերի կատարմանը»,-նկատեց Ֆանյանը։
Հարցին՝ ի՞նչ պետք է անի կառավարությունը, որ կարողանա արգելակի անկումը և 2020 թվականն ամփոփի գոնե այսպիսի ցուցանիշներով, մեր զրուցակիցը պատասխանեց․
«Կառավարությունը, իրականում, որոշակի քայլեր այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկել է․ խոսքը վերաբերում է սոցիալ-տնտեսական ծրագրերին, որոնք ուղղված են ինչպես ամբողջական պահանջարկի խթանմանը, այնպես էլ տնտեսական հետևանքների չեզոքացմանը, մասնավորապես՝ ավելի մեծ ուշադրություն է դարձվում, օրինակ, գյուղատնտեսության ճյուղին, որի միջոցով փորձում են նաև որոշակի զբաղվածություն ապահովել․ մեր այն հայրենակիցները, ովքեր պետք է մեկնեին Ռուսաստանի Դաշնություն՝ այս տարի նրանցից քչերին կհաջողվի մեկնել, մյուս կողմից էլ կա նաև պարենային անվտանգության խնդիր, և, ըստ էության, կառավարությունը առաջնահերթ իր ուշադրության կենտրոնում է փորձում պահել գյուղատնտեսությունը, որպեսզի այս մասով մենք աճ ունենանք, և անկումը որոշ չափով զսպվի, բացի սրանից՝ մնացյալ ոլորտների առումով նույնպես կառավարությունը քայլեր ձեռնարկում է, Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի պատգամավորներն էլ, իրենց հերթին, օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս և այլն, և այլն, այսինքն՝ հնարավորության սահմաններում աշխատում են, փորձում են ջանքեր գործադրել, և հենց սա նկատի ունենալով էլ ասում ենք, որ, ըստ մեր կանխատեսումների՝ Հայաստանում 2019-ի համեմատ, 2020-ին տնտեսական անկումը կլինի մինչև 3 %։
Առհասարակ, նման տնտեսական ճգնաժամերի դեպքում, այսպիսի ռեցեսիոն բնույթի պայմաններում կառավարության անմիջական հակազդեցությունը շատ կարևոր է, և այս առումով պետք է ասեմ, որ մեր կառավարությունը բավականին օպերատիվ արձագանքեց»։







































