Այս հարցով աշխատում ենք Երևանի քաղաքապետի, ավագանու հետ և նաև մեր խմբակցության անդամներն են առաջարկություններ ներկայացրել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով կարմիր գծերը Երևանի վարչական շրջաններից վերացնելու և միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում թողնելու իրենց նախաձեռնությանը:
«Այս մասով կա նաև Վճռաբեկ դատարանի որոշումը՝ կապված կարմիր գծերի և վարչական ակտի կազմման հետ: Այդ խնդիրը համընդհանուր լուծելու նպատակով գրվեց այս նախագիծը: Այս փուլում եկանք այն եզրահանգման, որ Երևանի միայն երկու վարչական շրջաններում կմնան կարմիր գծերը, քանի դեռ Երևանը չունի տրանսպորտային համակարգ, որոշում կայացվեց, որ չի լինի նաև սակագների բարձրացում:
Սա այն երկու վարչական շրջաններն են՝ Կենտրոն և Արաբկիր, որտեղ հնարավոր է կահավորել ամբողջ տարածքը տեսախցիկներով: Հիմնական փոփոխությունը կապված է ոչ միայն տարածքների կրճատման, այլ նաև վարչական ակտի կազմման հետ: Եթե նախկինում շրջիկ մեքենաներ էին պտտվում և այն քաղաքացիներին, որոնք չէին վճարել տուրքը, նրանց ուղարկվում էր լուսանկար, մենք կարծում ենք, որ լուսանկարը հիմք չէ, բավարար փաստացի ապացույց չէ, որ մեքենան 15 րոպե անընդմեջ կանգնած է եղել այդ վայրում: Դրա համար մենք առաջարկում ենք, որ վարչական պատասխանատվության կարելի է ենթարկել, եթե առկա կլինի 15 րոպե տևող տեսանյութ»,-ասաց նա:









































