Իտալիայում շարունակում է նվազել վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդների թիվը. ապրիլի 15-ի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսային վարակով 3079 մարդ կա, սա ռեկորդային ցածր թիվ է:
Ըստ «Եվրոպեյսկայա պրավդա»-ի, այդ մասին են վկայում Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի նոր տվյալները:
Վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդների թիվը նվազում է արդեն երկրորդ շաբաթվա ընթացքում: Ներկայումս «ծանր» հիվանդների թիվը 107-ով պակաս է, քան երեկ:
Անցած օրվա ընթացքում մահացել է 578 մարդ, իսկ կորոնավիրուսից մահացությունների ընդհանուր թիվը հասել է 21.645-ի:
Մի քանի օր անընդմեջ շարունակում է նվազել նաև նոր հիվանդների թիվը: Այսօր նրանք 2667-ն են, իսկ երեկ՝ 2972-ն էին:
Հատկանշական է, որ կորոնավիրուսից առավել տուժած Լոմբարդիայում նոր հիվանդների թիվը շատ ցածր է՝ մեկ օրում ընդամենը 827 մարդ:
Այժմ Իտալիայում կորոնավիրուս ախտորոշմամբ 105.418 մարդ կա, նրանցից հոսպիտալացվել են 27.643-ը:








































