Կորոնավիրուսի տարածման, նրա անմիջական հետևանքների, ինքնամեկուսացման, սպասվող տարատեսակ ճգնաժամերի մասին կանխատեսումներ են անում տնտեսագետները, սոցիոլոգները, քաղաքագետները, նաև՝ ժամանակակից փիլիսոփաներ Ջորջո Ագամբենը և Սլավոյ Ժիժեկը։
Ամենատարածված տեսակետն այն է, որ աշխարհը փոխվելու է, և հետկորոնավիրուսային աշխարհը լինելու է բոլորվին այլ՝ իր թելադրած խաղի կանոններով, որոնք պետք է ընդունեն տարբեր պետություններ, նրանց կառավարությունները։
Տնտեսական, տեխնոլոգիական առումով զարգացած, աղքատ և փոքր երկրների քաղաքացիներին գրավիչ թվացող և իրենց մեջ ներառող պետություններն էլ, ինչպես տեսանք, զերծ չմնացին կորոնավիրուսի պատճառած մարդկային, տնտեսական և այլ կորուստներից, նրանց առողջապահական համակարգերն էլ չկարողացան դիմակայել նորահայտ աղետին։
Ժողովրդագրական պատկերի ինչպիսի՞ փոփոխություն է սպասվում առաջիկայում։
ՀՀ միգրացիոն գործակալության նախկին պետ, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Եգանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ լինելու են և՛ տնտեսական, և՛սոցիալական, և՛ ժողովրդագրական փոփոխություններ։
«Ամեն ինչը կախված է համավարակից։ Առայժմ վաղ է ասելը, թե ինչ աստիճանի բացասական կամ ինչ խորության հետևանքներ կլինեն։ Ամեն ինչ պայմանավորված է կորոնավիրուսի հաղթահարման տևողությունից, Աստված մի արասցե, դրա տարածման ծավալներից, խորությունից»,- նշեց Գագիկ Եգանյանը։
Մեր դիտարկմանը, թե կառավարությունը նախատեսել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, Հանրային խորհրդի անդամն արձագանքեց․ «Ես այդ մասին կարող եմ խոսել միգրացիայի տեսանկյունից։ Մենք տարեկան 60- 80 հազար, մինչև անգամ՝ 100 հազարի հասնող սեզոնային արտագնա աշխատողներ էինք ունենում։ Նրանք արտագնա աշխատանքի էին մեկնում վաղ գարնանը և վերադառնում ուշ աշնանը, ինչն այս տարի նրանց գերակշիռ մասը փաստորեն չկարողացավ իրականացնել։ Այդ մարդիկ, որ մեկնելով արտագնա աշխատանքի, կարողանում էին իրենց ընտանիքների կենսական խնդիրները հոգալ, հիմա լրջագույն խնդրի առաջ են կանգնած։ Հայտնի էլ չէ, թե երբ և ինչ ծավալներով դրսի, տվյալ դեպքում՝ ՌԴ-ի, շուկան կբացվի մեր առջև։ Մյուս կողմից էլ՝ Հայաստան վերադարձը բարդություններ, դժվարություններ է ստեղծում, կարող է նաև դադար լինել։ Երկու կողմից էլ միգրացիոն հոսքերը զրոյացվելու մակարդակի վրա են։ Երբ փակվում են սահմանները, նշանակում է, որ միգրացիոն հոսքեր չեն լինի։ Մինչև համաճարակը չվերանա, հոսքերը չեն կարող գոյություն ունենալ»։








































