Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-2019 նոր տիպի կորոնավիրուսի հետազոտման փորձագետների միջազգային խումբը, որը ժամանել էր Չինաստան, կատարված ուսումնասիրություններից հետո եկել է այն եզրակացության, որ տարիքային բոլոր կատեգորիաները ենթակա են այդ վիրուսին: Այդ մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի COVID-2019-ի հակազդման փորձագիտական հանձնախմբի ղեկավար Լյան Վանյանը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
ԱՀԿ-ի՝ նոր կորոնավիրուսի բռնկման հետազոտման միջազգային խումբը, որը կազմված էր 24 չինացի և օտարերկրյա փորձագետներից, Չինաստան էր ժամանել փետրվարի 16-ին և այցելել էր Պեկին, Գուանդունի, Սիչուանի նահանգներ, ինչպես նաև Ուհան քաղաք:
«Նոր տիպի կորոնավիրուսը հիվանդության նոր տեսակի հարուցիչ է, ուստի տարիքային ոչ մի խումբ իմունիտետ չունի նոր տիպի կորոնավիրուսի նկատմամբ, հեշտությամբ կարող է վարակվել»,- հայտարարել է Լյան Վանյանը հետազոտման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Անցկացված ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ հիվանդացածների միջին տարիքը 51 է, 30-69 տարեկան մարդիկ կազմում են հիվանդացածների ընդհանուր թվի 77,80 տոկոսը, դեպքերի 77,5 տոկոսը գրանցված է Հուբեյ նահանգում: Փորձագետները նաև պարզել են, որ հիվանդացածների հետ սերտ շփում ունեցած անձանց մոտավորապես 1-5 տոկոսի անալիզները կորոնավիրուսային վարակ են արձանագրել։