Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն նույն օրը Վաշինգթոնում կայանալիք երկու երկրների պատվիրակությունների հանդիպումից առաջ անդրադարձել է վրաց-ամերիկյան հարաբերություններին.
«Վրաց-ամերիկյան հարաբերությունները գնալով ձեռք են բերում ավելի ինտենսիվ բնույթ։ Վաշինգթոնում ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև կնքված ռազմավարական գործընկերության խարտիան համալրվում է կոնկրետ բովանդակությամբ։
Խարտիայի դրույթների իրագործման հարցերով աշխատանքային խմբի նստաշրջանի ժամանակ քննարկվում են կարևոր թեմաներ. էներգոանվտանգության, պաշտպանության, կայունության, երկու ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման հարցերը»։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին։ Իսկ 2009 թվականի հունվարի 9-ին ԱՄՆ-ը և Վրաստանը Վաշինգթոնում ստորագրեցին Ռազմավարական գործընկերության մասին խարտիան։ Ամերիկյան կողմից այն ստորագրել է տվյալ ժամանակվա պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, իսկ վրացական կողմից՝ Գրիգոլ Վաշաձեն։
Դրանով ենթադրվում էր պաշտպանության ու անվտանգության, տնտեսական, էներգետիկ, ժողովրդավարական բարեփոխումների, դիվանագիտական ու մշակութային ոլորտներում գործընկերության և համագործակցության ընդլայնում։







































