Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է Կուրիլյան կղզիների խնդիրը լուծելու և Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով «Հանուն հյուսիսային տարածքները վերադարձնելու համագումարի» ժամանակ ճապոնական վարչապետի ելույթին։
Աբեն նշել է, որ պատրաստվում է աշխատանք տանել երկու կողմերի համար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ։ Նա ընդգծել է Ճապոնիայի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերություններն ամրապնդելու կարևորությունը։
«Առաջին հերթին կարևոր է, որ ճապոնացի և ռուս ժողովուրդների միջև ամրապնդվեն վստահելի և բարեկամական հարաբերությունները, որպեսզի չորս կղզիները բարեկամության կղզիներ դառնան»,- հայտարարել է Ճապոնիայի վարչապետը։









































