Ֆրանսիան ռուսամետ չէ կամ հակառուս, այլ եվրոպամետ երկիր է, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեհաստան այցի ժամանակ, նշելով Մոսկվայի հետ «պահանջկոտ երկխոսություն» վարելու անհրաժեշտությունը։
«Ֆրանսիան ռուսամետ չի դարձել, ինչպես ես երբեմն լսում եմ: Ֆրանսիան ո՛չ ռուսամետ է, ո՛չ հակառուս, այն եվրոպամետ է: Երբ ես նայում եմ քարտեզին… պարզ երևում է, որ Ռուսաստանը եվրոպա է, նույնիսկ եթե նա չի մտնում ԵՄ-ի մեջ, նա մեր հարեւանն է»,-ասել է Մակրոնը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ եվրոպական երկրների շահերից չի բխում սառեցված հակամարտությունների կուտակում թույլ տալը: Մակրոնի խոսքով՝ ի շահ Եվրոպայի անվտանգության, «Ֆրանսիան և Լեհաստանը պետք է պահանջկոտ քաղաքական երկխոսություն վարեն Ռուսաստանի հետ»: «Այդ երկխոսությունը, նույնիսկ եթե այն դժվարին է, այն բանի անհրաժեշտ պայմանն է, որ առաջընթաց ձեռք բերվի Ուկրաինայում»,-ասել է քաղաքական գործիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:








































