ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների տարածած հայտարարությունը մեկնաբանելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Հայրապետյանին և Սոս Ավետիսյանին:
Այս առնչությամբ Սոս Ավետիսյանը կարևորեց Հայաստանում լավ թարգմանչական դպրոցի առկայությունը. «Այդ ամբողջ տեքստի տարբեր մեկնաբանությունները, տարբեր ձևերով ներկայացնելը լավ չէ»:
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ համազեկուցողների տարածած հայտարարության տեքստում շատ պարզ բան է ասվում. «Այո, այն, որ կա լարվածություն աշխատակազմի և ՍԴ-ի միջև՝ բոլորիս աչքի առաջ է, և դա լավ բան չէ: Եվ մենք ուզում ենք, որ այդ խնդիրը հանգուցալուծվի»:
Սոս Ավետիսյանն ընդգծեց՝ մի շատ կարևոր բան կա, ինչը ոչ ոք չֆիքսեց. «Ֆիքսվեց այնտեղ, որ որևէ կերպ կառավարությունը և Ազգային ժողովը որևէ անօրինական բան ցայսօր չեն արել: Սա շատ կարևոր արձանագրում է և պատասխան այն մարդկանց, ովքեր մեկ տարի է՝ նման բաներ են հնչեցնում»:
Մեր զրուցակիցը համաձայն է, որ կա փոխզսպման մեխանիզմների խնդիր, սակայն նրա կարծիքով՝ կարևոր է, որ դատական իշխանությունն ունենա բարձր վստահություն. «Իսկ այդ զեկույցում ևս նշված է, որ դա շատ ցածր մակարդակի վրա է գտնվում: Մենք հասկանում ենք և ականջալուր ենք, թե ինչ է ասվում այդ հայտարարության մեջ, և քայլեր ենք ձեռնարկելու, որ այդ քայլերը լուծվեն»:
Տաթևիկ Հայրապետյանն էլ հավելեց, որ պետք է դադարել որևիցե հայտարարություն ներքին մանիպուլյացիաների թեմա դարձնելուց. «Միջնորդ, չեզոք կողմերը իրենց մասնագիտական կարծիքն են ներկայացնում, ինչը մենք կարող ենք ընդունել որպես ի գիտություն: Ի վերջո՝ դա խորհրդատվական բնույթ ունի, ոչ ոք մեզ ոչինչ չի կարող պարտադրել. մենք ենք մեր երկրի տերը, մենք ենք մեր որոշումների տերը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































