Լուրեր
Մեդիաոլորտում գործող օրենքը պետք է մի կողմ դնել և ստեղծել նորը․ Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն առաջարկում է փոփոխել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի այն կետը, որով արգելվում է, բացի Լոռու և Շիրակի մարզերից, մյուս մարզերում ունենալ տեղական ռադիոընկերություններ: Այս մասին Հակոբյանն ասաց հունվարի 16-ին Ազգային ժողովում ընթացող տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում:

«Ռադիոընկերությունները շատ լավ գիտեն, որ գործող օրենքում մի աբսուրդ կետ կա, որն արգելում է մարզերում, բացի Լոռու և Շիրակի մարզից, ունենալ տեղական ռադիոընկերություններ: Ամենազավեշտալին այն է, որ արգելված է նույնիսկ սահմանամերձ գոտիներում ունենալ, որտեղ ռադիոն ոչ միայն տեղեկատվություն ստանալու կամ զվարճանքի, այլև իրազեկման միջոց է արտակարգ իրավիճակների ժամանակ: Մենք կարծում ենք, որ այդ դաշտը պետք է ազատականացվի, և հատկապես մարզերում բոլոր ազատ հաճախականությունները պետք է տրվեն ցանկացողներին՝ հեռարձակելու համար, նորից կոնտենտի մինիմալ պայմաններ դնելով»,- ասաց Հակոբյանը:

Տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները կազմակերպվել են Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:

  • Դիտումներ՝ *