ԱՄՆ ազգային առողջապահական ինստիտուտի գիտնականները մի քանի փորձեր անցկացնելուց հետո եկել են այն եզրակացության, որ ասթմայի ախտանիշերն անցնում են հոգեբանական ներշնչումից հետո: Բժիշկները հրավիրել են ասթմայով հիվանդ 39 մարդու և 12 օր շարունակ բուժել են նրանց տարբեր մեթոդներով:
Կամավորներին բաժանել են երեք խմբի: Առաջինում հիվանդներին տվել են ինհալյատորներ և ալբուտերոլ դեղամիջոց: Երկրորդ խմբում բժիշկները դիմել են ասեղնաբուժության օգնությանը, ընդ որում՝ բժիշկներն այդ ոլորտի մասնագետներ չեն եղել: Նրանք փորձի մասնակիցներին ասել են, որ սա շատ ազդեցիկ բուժման միջոց է: Վերջին խմբի հիվանդներին տվել են ինհալյատորներ՝ իմիտացիոն հաբերով՝ պնդելով, որ դա ասթմա բուժելու ժամանակակից լավագույն միջոցն է:
Բուժումից հետո իսկական դեղով բուժվողներն ասել էին, որ իրենց վիճակը լավացել է 50%-ով, իսկ շինծու դեղերով և ոչ պրոֆեսիոնալ ասեղնաբուժությանը մասնակցածները հայտարարել էին, որ իրենց վիճակը լավացել է համապատասխանաբար 46 և 45%-ով:
Բժիշկներն իրենց հերթին բժշկական մեթոդներով ստուգել էին կամավորների շնչուղիները և պարզել, որ ալբուտերոլը լավացրել էր առաջին խմբի հիվանդների շնչուղիների վիճակը 20%-ով, իսկ շինծու մեթոդներով բուժվողներինը՝ 7%-ով: Սրանից հետո նրանք եկել են այն եզրակացության, որ հոգեբանական ներազդեցության մեթոդները կարող են լավագույնս օգնել ծանր հիվանդություններ բուժելիս:












































