Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով գլխավորել է ղազախական «Տոբոլ»-ը, հարցազրույց է տվել Vesti.kz կայքին` մասնավորապես նշելով հետևյալը`
«Հայաստանի հավաքականում աշխատանքից հետո իմ դիրքորոշումը հստակ էր` ցանկանում էի խաղալ արտասահմանյան ակումբում: Կային մի շարք տարբերակներ Ռուսաստանից, Միջին Ասիայից, բայց դրանք բոլորը եզրափակվում էին խոսակցությունների մակարդակում: «Տոբոլ»-ի ներկայացուցիչների հետ ոչ միայն ընդհանուր լեզու գտանք, այլև համաձայնագիր ստորագրեցինք:
Ղազախստանի առաջնությունում խաղացող ոչ մի հայ ֆուտբոլիստի հետ կապ չեմ հաստատել: Կան այլ մարդիկ, որոնք լավ գիտեն ղազախական ֆուտբոլը, թիմերի հավակնությունները, ենթակառուցվածքները: Մարզչական հեղինակությունը դժվար է ստեղծել ու հեշտ` կորցնել: Միայն լավ մարզչի շնորհիվ հնարավոր չէ լավ արդյունքների հասնել: Ֆուտբոլիստները, ղեկավարները և մյուսները յուրաքանչյուրն իրենց տեղում պետք է պրոֆեսիոնալներ լինեն:
Թիմն ունի ներուժ, բայց կան դիրքեր, որոնք համալրման կարիք ունեն: Իհարկե, մենք դա չենք կարող անել մինչև ամառ: Ակումբի ղեկավարներին ասել եմ, որ տա Աստված` խաղացողները հասկանան` ինչ եմ ակնկալում իրենցից: Այդ ժամանակ ստիպած չենք լինի շատ ծախսել:
Ես աշխատել եմ հավաքականում, որտեղ լուրջ ճնշում կար: Ինձ համար քննադատությունն աշխատանքի մասն է: Հնարավոր է` երբեմն այն տհաճ է, բայց գիտակցում եմ, որ պարտադիր է»:








































