Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան ներմուծման սահմանափակումները, եթե անասնաբուժական ռիսկեր առաջանան։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է Ձկնորսության դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը։
«Ռուսաստանն արդեն սահմանափակումներ է սահմանել Հայաստանից կենդանի ձկան ներմուծման վրա։ Եթե բացահայտվեն գործոններ, որոնք կարող են անասնաբուժական ռիսկեր ստեղծել, և որոնց պատճառով այս ձուկը տեղափոխվելիս կսպառնա մեր անասնաբուժական անվտանգությանը, ապա անպայման կձեռնարկվեն հետագա քայլեր», — ասել է Շեստակովը։
Նա նշել է, որ կենդանի ձկից բացի, Հայաստանը նաև սառեցված ձուկ է արտահանում Ռուսաստան։
«Հայաստանը եղել է կարմրախայտի զգալի ծավալներ մատակարարող երկիր։ Եթե խոսքը ներքին շուկայի հագեցման մասին է, դա, անշուշտ, որևէ բացասական ազդեցություն չի ունենա։ Մենք ունենք կարմրախայտի բավարար ներքին արտադրություն։ Ավելին, ներմուծումը կփոխարինվի այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հաշվին»,- հավելել է գործակալության ղեկավարը։











































