Մեծ Բրիտանիան նոր սառցահատ կկառուցի բևեռային հետազոտությունների համար: Երկիրը 200 մլն ֆունտ սթեռլինգ ներդրում կկատարի նավի կառուցման համար: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը՝ Քեմբրիջում ելույթ ունենալով գիտական հետազոտությունների ֆինանսավորման թեմայով՝ հայտնում է Daily Telegraph-ը:
Սպասվում է, որ 130 մետր երկարությամբ ու 25 մետր լայնությամբ նավը կկառուցվի մինչ 2019-ը ու կօգնի բրիտանացի մասնագետներին հետազոտություններ կատարել Արկտիկայում ու Անտարկտիկայում:
Ինչպես նշում է պարբերականը, նավը, բացի գիտահետազոտական աշխատանքների իրականացումից, թույլ կտա Բրիտանիային «պահպանել իր ներկայությունը» Հարավային Ատլանտիկայի բրիտանական տարածքներում»:
Համաձայն բազային տեխնիկական պահանջների՝ նավը պետք է կարողանա առաջ շարժվել՝ կոտրելով 2 մետր հաստությամբ սառույցը:
Ներկայում նախագիծը գտնվում է նախագծման փուլում ու դեռ պետք է մշակումների ենթարկվի:
Հայտնի չէ դեռ, թե որտեղ պետք է կառուցվի 13 հազար տոննա ջրատարողություն ունեցող նավը:











































