ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին և ասաց, որ չի կարծում, թե նա շատ սուր քննադատության է ենթարկել իշխանություններին:
«Կոնկրետ սահմանադրական բարեփոխումների հետ կապված տեսակետների մասին պետք է ասեմ հետևյալը. երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը պետք է լայն քննարկման ենթարկվի և հասարակության տաբեր շերտեր իրենց կարծիքները պետք է ներկայացնեն: Հիմա եթե պարոն Ռ․ Քոչարյանն էլ իր տեսակետն է ներկայացրել, ապա սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, կարծում եմ, պետք է հաշվի առնի և ներկայացնի երկրի նախագահին»։
Հարցին ի պատասխան՝ ինչո՞ւ կոնկրետ հիմա, գուցե ուզում է վերադառնա՞լ մեծ քաղաքականություն, Հովհաննես Սահակյանն ասաց․ «Կարծում եմ, այդ բոլոր հարցերին պետք է պատասխանի Ռոբերտ Քոչարյանը կամ իր գրասենյակը, որովհետև ես կոմպետենտ չեմ, չեմ զրուցել, չգիտեմ՝ ուզում է վերադառնալ, թե չէ: Ես մտաբերում եմ նրա այն հարցազրույցը, երբ ասել էր՝ եթե ուզենա վերադառնալ մեծ քաղաքականություն, անպայման դա մասին անձամբ կբարձրաձայնի: Հետևաբար, եթե չի բարձրաձայնել՝ մնացած բոլոր խոսքերը…»:
Հետաքրքվեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ է այդքան սուր քննադատում իշխանություններին։ Հովհաննես Սահակյանն ասաց․ «Ես չէի ասի։ Վերջին հարցազրույցը բավական դրական էր, վարչապետի անձը բարեմախթանքներ և այլն…»:
Դիտարկմանը, թե գուցե վարչապետի անձին էր նախկինում դեմ, մեր զրուցակիցն ասաց․ «Այդ հարցերը նորից նրան պետք է ուղղել, թե ում էր դեմ, ում էր կողմ, իսկ մյուս խնդիրների հետ կապված՝ ասեմ է, որ կան խնդիրներ, դրա մասին մենք ենք խոսել և բարձրաձայնել, նոր կառավարությունը վերցրել է բավական լուրջ պատասխանատվություն, և տեսնում ենք, որ 24-ժամյա ռեժիմով աշխատանքներ է տանում»:
«Նոր կառավարությունում Քոչարյանի «կադրերն» են» դիտարկմանն ի պատասխան՝ Հովհաննես Սահակյանն ասաց․ «Այստեղ կարևորագույն խնդիր կա. երկրի առաջ, ժողովրդի առաջ ծառացած խնդիրները օր առաջ պետք է լուծում ստանան, այլ խնդիր չեմ տեսնում»։
Մանրամասները՝ տեսանյութում










































