Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլիի հայտարարությամբ՝ կշարունակվի աշխատանքն ուկրաինացի գործընկերների հետ, որպեսզի այդ երկրում մայիսի 25-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններն ամբողջ աշխարհն ընդունի, հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը:
Այս մասին Մարգելաշվիլին լրագրողներին ասել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Չեխիա այցի շրջանակներում:
«Մեկ ամիս հետո Ուկրաինայում ընտրություններ են: Շատ կարևոր է, որպեսզի դրանք Ուկրաինայի ամբողջ տարածքում անցկացվեն ժողովրդավարական և արդյունավետ կերպով՝ ընդգրկելով ամբողջ բնակչությանը: Մենք խոսեցինք այսօրվա հանդիպման մասին, թե Վրաստանն ինչ քայլեր կարող է ձեռնարկել այդ ուղղությամբ, որովհետև ընտրություններով Ուկրաինայում սկսվում է այդ հարցի փոխադրումը խաղաղ և կայուն ռեժիմի: Ուստի այսօր մեր հետաքրքրությունները սկզբից մինչև վերջ ուղղված են այդ ընտրությունների արդյունավետ անցկացմանը: Մենք պայմանավորվեցինք, որ ինչպես նախագահական և խորհրդարանական մակարդակով, այնպես էլ՝ այլ ձևաչափերով կշարունակվի աշխատանքն ուկարինացի գործընկերների հետ, որպեսզի մայիսի 25-ին անցկացվելիք ընտրությունները ճանաչի ամբողջ աշխարհը»,- ասել է Մարգելաշվիլին:










































