Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Ազգային ժողովում ոչ իշխանական չորս ուժերը հերթական նիստն են անցկացրել:
Նիստից հետո ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց համար անակնկալ էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայանալն իրենց նիստին:
Նա նաև հավելեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքն ուժի մեջ է, քանի դեռ կառավարությունը «պարտադիր» բաղադրիչը վերջնականապես չի հանել:
Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած օրենքի նոր նախագծին, Ստեփան Մարգարյանը հույս հայտնեց, որ դրանում փոփոխություններ կլինեն՝ կոնկրետ «պարտադիր»-ի մասով:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այսօր նիստի ընթացքում քննարկվել է նաև մարզային հանդիպումներ ունենալու հարցը: Նրա խոսքերով՝ քառյակն իր գործունեությունը շարունակելու է, և մոտ ապագայում հանրությանը հուզող խնդիրների հետ կապված հանդիպումներ-հավաքներ կլինեն:
Ստեփան Մարգարյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ իրենց օրակարգում նախագահի հրաժարականի պահանջ չկա:










































