Գերմանիան պատրաստ է աջակցել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին Ուկրաինայում իրադրության հետագա սրման դեպքում: Այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«[Պատժամիջոցներին աջակցելու Բեռլինի] պատրաստակամությունն առկա է, ինչպես նախկինում: Թող ոչ ոք չկասկածի»,- ասել է նա:
Զայբերտի խոսքով՝ Անգելա Մերկելն ու Բարաք Օբաման այսօր հեռախոսային կոնֆերանս կանցկացնեն, որի ժամանակ կքննարկվի Ուկրաինայում տիրող իրավիճակը: Դրան կմասնակցեն նաև մի շարք եվրոպական երկրների նախագահներ ու վարչապետներ: Այլ մանրամասներ նա չի ներկայացրել:
Զայբերտը նաև հայտնել է, որ մայիսի 1-ին Մերկելը կուղևորվի Վաշինգտոն, որտեղ մեկ օր անց բանակցություններ կանցկացնի Օբամայի հետ:
Նրա խոսքով՝ կողմերը կքննարկեն Ուկրաինայի իրադրությունն ու ճգնաժամի կարգավորման ուղիների որոնումը: Օրակարգում կլինի նաև սկանդալը՝ կապված ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից իրականացված գաղտնալսումների հետ:
Կանցլերը կհանդիպի նաև ԱՀՄ-ի ղեկավար Քրիստին Լագարդի հետ, որից հետո ԱՄՆ Առևտրի պալատում հանդես կա ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարների թեմայով:
Զայբերտը հավելել է, որ Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ իր անհանգստությունն է արտահայտել՝ կապված Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Կանցլերը կոչ է արել Պուտինին հստակ ազդանշան տալ առ այն, որ Մոսկվան լիովին աջակցում է ժնևյան պայմանավորվածություններին:









































