2011-ի հուլիսին 77 մարդու սպանելու համար 21 տարվա ազատազրկման դատապարտված Անդերս Բրեյվիկի հարցաքննության արձանագրությունը խորհրդավոր կերպով անհետացել է Օսլոյի ոտիկանության փակ շենքից, հայտնում են NRK հեռուստառադիոընկերությունը և նորվեգական այլ ԶԼՄ-ներ:
Փաստաթուղթն անհետացել է դեռ 2011-ի օգոստոսին, բայց լայն հանրությանն այս փաստը հայտնի է դարձել միայն հիմա: Հետաքննությունը վարում է ոստիկանության հատուկ ստորաբաժանումը:
«Այս միջադեպին, որը կարող է քրեորեն պատժելի լինել, հնարավոր է՝ մասնակից են ոստիկանության աշխատակիցները»,- լրագրողներին ասել է հատուկ ստորաբաժանման ղեկավար Յան Էգիլ Պրեստուսը: Բրեյվիկի փաստաբանները չեն իմացել փաստաթղթի անհետանալու մասին: «Մեզ համար դա նորություն է: Մենք դժգոհ ենք այդպիսի գաղտնիությունից և նրանից, որ մեզնից թաքցրել են մեր հաճախորդի հարցաքննության 42-էջանոց արձանագրության գողության փաստը»,- լրագրողներին ասել է Բրեյվիկի փաստաբան Գեյր Լիպպեստադը:
ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ կորած հարցաքննության թեմաները եղել են Բրեյվիկի տեղադրած պայթուցիկների թիվը, ահաբեկչությանը այլ ահաբեկիչների մասնակցության հնարավորությունը և անվտանգության միջոցառումները:
«Դա Բրեյվիկի գլխավոր հարցաքննություններից էր, որն անցկացվել էր 2011-ի օգոստոսի 9-ին»,- ճշգրտում է NRK-ն, որի տվյալներով՝ գողությունը կատարվել է ոստիկանության փակ աշխատասենյակից 2011-ի օգոստոսի 24-ի գիշերը:











































