ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախազգուշացրել է Ռուսաստանի կատավարությանն ավելի կոշտ պատժամիջոցների կիրառման մասին, եթե նա չփոխի իր քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
«Կուրսի փոփոխման համար պատուհանը փակվում է: Նախագահ Պուտինն ու Ռուսաստանը պետք է ընտրություն կատարեն: Եթե Ռուսաստանն ընտրի լարվածության թուլացման ուղին, մենք բոլորս մեծ հաճույքով կողջունենք: Սակայն եթե Ռուսաստանը դա չանի, աշխարհը կանի ամեն բան, որպեսզի Ռուսաստանի համար նման գործողությունների գինը մեծանա»,- հայտարարել է Քերին:
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանին գնալով ավելի քիչ ժամանակ է մնում Ուկրաինայի նկատմամբ իր քաղաքականությունը փոխելու համար, որպեսզի խուսափի Արևմուտքի պատժամիջոցներից:
Պետքարտուղարի խոսքով՝ Ռուսատսանը ոչ մի հստակ քայլ չի ձեռնարկել մեղմելու իրավիճակն Ուկրաինայում՝ համաձայն ապրիլի 17-ին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների:
Քերին ռուսական կողմին մեղադրել է Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացին ակտիվորեն միջամտելու համար, իսկ ռուս պաշտոնյաներին ու ռուսական ԶԼՄ-ներին՝ Ուկրաինայում անջատողական տրամադրությունների ուժեղացմանն ուղղված քարոզչական արշավ անցկացնելու համար:
Նա կասկածից վեր է համարել, որ Ռուսաստանն ակտիվ դեր է խաղում Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման գործում և նշել է, որ ամերիկյան հետախուզությունն ունի դրա ապացույցը:









































