ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ լուծումներ չեն տրվում կուտակային կենսաթոշակների հետ կապված բոլոր հարցերին: Այսօր ԱԺ-ում կենսաթոշակային նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ Մինասյանը նշեց, որ գործատուներ կլինեն, ովքեր կփորձեն ճնշել կամ պարզապես կհայտնվեն օրենքը չկատարելու պարտադրանքի առաջ:
«Պարտադրում են պահել, բայց իրավունք ունեն չփոխանցել. սա խնդիր է: Մենք էս նախագծով լուծում չենք տալիս, չենք ասում, որ առանց քո կամքը հաշվի առնելու՝ որևէ գործատու իրավունք չունի պահում կատարելու: Ծանրաբեռնվելու է դատական համակարգը՝ մեզ սա՞ է պետք: Եթե այո, ուրեմն կարող ենք այս տեսքով անցկացնել նախագիծը»,- ասաց նա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նկատեց, որ կառավարության և վարչապետի դիրքորոշումը հստակ է. իրենց նպատակն է ձևավորել մի միջավայր՝ փոխադարձ հասկացողության և փոխըմբռնման մթնոլորտ, որը թույլ կտա իրականացնել մեր քաղաքացիների համար կարևորագույն նշանակություն ունեցող բարեփոխումները:
«Բնականաբար, կան հարցեր, և պատրաստ ենք դրանք մինչև վերջ լսել, քննարկել և տալ լուծումներ: Վարչապետի մոտեցումն է, որ այս կարճ ժամանակահատվածում առաջին քայլը մենք կատարենք՝ ունենալով իրավիճակ, որտեղ այս փուլում գոնե առկա հարցերը պատասխան կստանան, և ներկայիս ձևաչափով մասնակցության խնդիրներ ունեցող անձանց համար որոշակիություն կլինի:
Միաժամանակ մենք ունենք ՍԴ որոշումը, բոլոր արձանագրված խնդիրները պիտի հստակ լուծումներ ունենան: Մենք կարծում ենք, որ չպետք է հիմա մի քայլ անենք, իսկ հետո՝ դրա հետ կապված ճշգրտումներ, իսկ էս հատվածում վերահաշվարկի դրույթներին ամբողջությամբ անդրադառնալն իրոք խնդրահարույց է, բայց այն խնդիրները, որոնք կան, ու որոնց այսօր պատասխան պիտի տանք, պետք է այս նախաձեռնության շրջանակներում պատասխան ստանան՝ նկատի ունենալով, որ ամբողջական փաթեթով պիտի բոլոր հարցերին պատասխան տրվի»,- ասաց նա:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի խոսքով՝ նոր նախագծի քաղաքական նպատակը հետևյալն է. ժամանակավորապես սառեցնել բոլոր հարաբերությունները, որպեսզի հետևանքներ չլինեն մինչև վերջնական որոշումը: Հակոբյանը հույս հայտնեց, որ կկարողանան բոլոր շահագրգիռ անձանց, նաև՝ «Դ!եմ եմ» նախաձեռնության հետ, քննարկումներ կազմակերպել, սառեցնել, որ հետևանքներ չլինեն՝ մինչև վերջնական որոշումը:
«Ժամանակավոր սառեցման հիմքում մենք ունենք մեկ բաց տեղ, ես կարողացա այն ցույց տալ: Խնդրում եմ նախարարին, կխնդրեմ նաև վարչապետին՝ ևս մեկ անգամ քննարկենք՝ ունենալու այնպիսի օրինագիծ, որ բոլորիս համար լինի հասկանալի և չունենա բաց տեղ: Առաջարկում եմ ևս մեկ որոշում՝ կապված օրենքի քննարկման հետ, որ օրենքը շուտ կարողանանք ուժի մեջ մտցնել, նաև՝ առաջին ու երկրորդ ընթերցումը քսանչորսժամյա ռեժիմով կազմակերպել, որ մայիսի մեկով ունենանք օրենք»,- ասաց նա:
Հակոբյանը նշեց, որ կփորձեն նախարարի ու վարչապետի հետ բացերի համար լուծում գտնել: Իսկ բաց տեղն այն է, որ այս նախագծով հաշվարկի սկզբունքը չի կարգավորվում:








































