Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը այսօր Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նրա խոսքով՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածի համար, եթե հարկային գործակալը պահումներ չկատարի, տույժեր չեն կիրառվի:
«Կուտակայինի գործունեությունը կանոնակարգված է եղել օրենքով: Այն գործատուները, գործակալները, որոնք վճարումներն իրականացրել են, բնականաբար՝ այդ գումարները չեն կորչում. դրանք քաղաքացիների սեփականությունն են»,- ասաց նա: Կուտակայինի հետ կապված բոլոր հարցերին, նախարարի խոսքով, ամբողջական պատասխան կտա ընդունվելիք օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ արդյոք կուտակային պահումների կատարման հարցը գործատուի հայեցողությա՞նն է թողնվելու, նա՞ է առաջնորդվելու աշխատակցի ցանկությամբ, բացի այդ, այն գործատուները, ովքեր պահել ու փոխանցել են գումարները, կարո՞ղ են արդյոք հետ պահանջել գումարները:
«Մինչ այս պահը փոխանցված գումարների մասով հնարավոր համարո՞ւմ եք, որ դատական կարգով պարտադրվի գումարը ֆոնդից հետ վերականգնել, նախագիծը հարցին լուծում տալի՞ս է, թե՞ ոչ»,- ասաց նա:
Ասատրյանը կարծիք հայտնեց, որ նախ՝ պիտի խնդրի լուծումը դիտարկեն ամբողջականության մեջ՝ հաշվի առնելով, որ հանրապետության վարչապետը, տասնօրյա պաշտոնավարումից հետո, արեց առաջին քայլը, և խնդրի վերաբերյալ եղան տարբեր ձևաչափերով քննարկումներ:
«Մեր գործատուներն ընդամենը հաշվետվություն ներկայացնելիս մեկ տվյալ են ներմուծում համակարգ, հետագայում ճիշտ կլինի, որ այդ անհատական տվյալները բազայում լինեն: Հարցի շուրջ լրացուցիչ քննարկումները չեմ բացառում, պատրաստ եմ խնդիրները քննարկել համատեղ՝ հասկանալու համար դրանք»,- ասաց նա:
ՀՅԴ-ական պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ ՍԴ որոշումն, ըստ կառավարության տեսակետի, արդյոք չի՞ վերացրել պարտադիր բաղադրիչը, սեպտեմբերի 30-ից հետո կարո՞ղ է այդ բաղադրիչը լինել:
«Սա սկզբունքային հարց է: Կարո՞ղ է արդյոք այդ նոր համակարգը, որ պիտի գործի հետո, անդրադառնալ անցած ժամանակահատվածին, ասել՝ այսքան պիտի տայիր, հետևաբար պետք է վճարես, թե՞ ամեն ինչ վճարների մուծման տեսակետից պիտի սկսվի զրոյից»,- հարցրեց Մինասյանը:
Ասատրյանը տեսակետ հայտնեց, որ այդ առումով ՍԴ որոշման մեջ պարտադիր բաղադրիչ չլինելու պարտադրանք չկա: Նրա խոսքով՝ այն որոշումը, որ բոլորը տեսել են, դրանում պարտադիր բաղադրիչը չի նշված՝ որպես Սահմանադրությանը հակասող:
«Հստակ արձանագրված է սեփականության իրավունքի հետ կապված հակասահմանադրականությունը: Խնդիր՝ կապված պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հետ, ՍԴ որոշման մեջ չկա»,- ասաց նա:
Ասատրյանը նշեց, որ նոր օրենքում պետք է հաշվի առնվեն բոլոր քաղաքացիների շահերը, ամբողջական պետք է բոլոր փաթեթներն ունենան, լուծումներ տան, դրա համար համարում են, որ իրենք առաջին քայլն են կատարում:










































