Իսրայելցի ռեժիսոր Տալիա Լավիի «Զրո մոտիվացիա» (Zero Motivation) և ամերիկացի Մարշալ Քերիի «Կրակոց նշանակետին» (Point and Shoot) ֆիլմերը Նյու Յորքում արժանացել են Tribeca միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակներին՝ հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով կինոֆորումի կազմակերպիչներին:
Այս տարի թողարկված «Զրո մոտիվացիա» տրագիկոմեդիան իսրայելցի երիտասարդ կին զինվորների ստորաբաժանման մասին է, որոնք ապրում են հեռավոր անապատային մեկուսի ռազմաբազայի տարածքում, և այն դժվարությունների մասին, որոնց նրանք բախվում են: Ֆիլմը մրցանակի է արժանացել որպես կինոփառատոնի լավագույն խաղարկային ֆիլմ:
«Կրակոց նշանակետին» ֆիլմի գլխավոր հերոսն ամերիկացի Մեթյու Վանդայքն է՝ Բալտիմոր քաղաքից, որը 2007-ին ԱՄՆ-ից գնացել է Հյուսիսային Աֆրիկա և ավելի ուշ մասնակցել Լիբիայի քաղաքացիական պատերազմին: Ֆիլմը, որի հիմքում Վանդայքի նկարած կադրերն են, մրցանակ է ստացել որպես լավագույն փաստագրական ֆիլմ:
Tribeca փառատոնը 2002 թվականին հիմնել են ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն և պրոդյուսերներ Ջեյն Ռոզենտալն ու Քրեյգ Հետկոֆը:









































