Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքերով` պատերազմի հավանականությունը ներկայումս մեծ է, սակայն այն չի լինի, քանզի Ադրբեջանը գիտակցում է, որ հայկական բանակը ուժեղ է, ինչպես նաև պատերազմը կվտանգի ադրբեջանական նավթային ռեսուրսները: Ըստ Կոմանդոսի` Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունների նպատակը սեփական ժողովրդին հանգստացնելն է. «Պարզ է, որ Ադրբեջան «բլիֆուետ». իր երկրում առկա ներքին խնդիրներն է հանգստացնում»:
Արկադի Տեր-Թադևոսյանի գնահատմամբ` եթե, այդուամենայնիվ, պատերազմ լինի, հաղթանակը նորից Հայաստանինն է լինելու. «Պատերազմում հաղթելու հավանականությունը իմանալու համար պետք է երեք տարր համեմատենք` պետություն, հասարակություն եւ բանակ: Համեմատելով Հայաստանի եւ Ադրբեջանի այդ տարրերը պարզ է դառնում, որ Հայաստանի թե՛ հասարակությունն է ավելի ուժեղ, թե՛ բանակը: Իսկ Ադրբեջանի իշխանությունն ավելի կոռումպացված է, քան մերը»:
Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները ևս Ադրբեջանին ագրեսիա հրահրելու առիթ է տալիս. «Ադրբեջանական ագրեսիայի առիթ է հանդիսանում այն, որ Ստեփանակերտի կողքին օգտագործում են Խանքենդի բառը: Ճիշտ է, ուղղակիորեն դա կանաչ լույս չէ Ադրբեջանի համար, սակայն նաև ենթատեքստով փորձում են հասկացնել, որ իրենք չեն խանգարի»:
Կոմանդոսի գնահատմամբ, ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի բանաձևում նշված «տարածքային ամբողջականության արտահայտությունը» ևս նպաստում է ադրբեջանական ագրեսիային: