«Դատական համակարգում արմատական փոփոխությունների կատարման համար ժամանակը արդյունավետ չօգտագործվեց, որովհետև իմ համոզմամբ՝ չկարևորվեց այն հանգամանքը, որ թավշյա հեղափոխության բուն պատճառը սոցիալական արդարության բացակայությունն էր, անպատժելիությունը, համակարգային կոռուպցիան, մարդու իրավունքների շարունակական և անպատիժ խախտումները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով այն գնահատականներին, որ իշխանությունները ուշանում են դատական բարեփոխումների հարցում:
Նրա խոսքով՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո՝ 2018թ. դեկտեմբերին, իշխանությունների ամենաառաջին քայլը պետք է լիներ դատաիրավական իշխանության փոփոխությանն ուղղված առաջարկությունների մշակումը. «Առաջին անհրաժեշտ նվազագույն քայլը պետք է լիներ վեթինգը, որի համար չափորոշիչները ևս առավել քան ակնհայտ էին»:
Սաքունցը կարծում է, որ կարելի էր վերցնել Եվրոպական դատարանի կողմից ընդունված այն վճիռները, որոնցով Հայաստանը ճանաչվել էր որպես իրավունքը խախտած. «Այդ գործերում ներգրավված բոլոր քննիչների, դատախազների, դատավորների ցանկը ուղղակի պետք է հանվեր և ընդունվեր համապատասխան միջանկյալ օրենք: Եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների հիման վրա այդ գործերով ներգրավված մարդկանցից ազատվելու վերաբերյալ օրենքը կլիներ բավականին լուրջ համակարգային ազդակ, ժամանակավոր գործիք, որը կմաքրեր և կսթափեցներ դատական իշխանությանը, և ազատված տեղերն էլ կթարմացվեր՝ ներգրավերով նոր մարդկանցով»:
Ի պատասխան հարցի, թե ինչու իրենց առաջարկը չընդունվեց, Սաքունցն ասաց, որ իրենք առաջարկում են, սակայն իրենց թիրախավորում են՝ ասելով, թե, այսպես ասած, սորոսականներն ուզում են կառավարել. «Իշխանությունն էլ պաշտպանողական դիրքորոշում որդեգրեց՝ խուսափելով պիտակավորումից: Մինչդեռ ոչ թե պետք էր տուրք տալ պիտակավորմանը, այլ պետք է կատարվեին ընթացիկ համակարգային փոփոխություններ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:












































