ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ կազմակերպությունը դադարեցնում է շփումների հաստատման ջանքերն ու համատեղ գործունեությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ուկրաինական ճգնաժամի հարցում դաշինքի դիրքորոշման պատճառով: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Նա նաև նշել է, որ արտաքին քաղաքական ոլորտում ՀԱՊԿ-ը ներկա հանգամանքներում անհրաժեշտ է, որ ուժեղացնի համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ: «Կարծում եմ՝ մենք պետք է ակտիվացնենք համագործակցությունը Չինաստանի հետ մարտահրավերներին ու սպառնալիքների հակազդելու համատեղ աշխատանքում, Իրանի հետ՝ հատկապես թմրանյութերի անօրինական շրջանառության խնդրով»,-նշել է Բրոդյուժան:
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը համագործակցության է դուրս գալիս ասիական տարածաշրջանում այլ միջազգային կառույցների հետ, որոնք մասնագիտացած են անվտանգության հարցերում:
Ավելի վաղ Բորդյուժան հայտարարել է, որ ներկայումս Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայության ուժեղացմանն արձագանքելու անհրաժեշտություն չկա՝ հավելելով, սակայն, որ իրենք առանց ուշադրության չեն թողնի բոլոր հայտարարություններն ու գործողությունները:











































