2011թ. հուլիսի 13-ին, ժամը 20:00-20:30-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց 26 շենքի բակից Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 1996թ. ծնված, 15-ամյա Յուրա Գևորգի Սիմոնյանը:
Ըստ փաստաբան Նարինե Սարգսյանի` Սիմոնյանը բերման է ենթարկվել որպես վկա` բակում տեղի ունեցած վեճի պատճառով, որի ընթացքում կրակոցներ են եղել: Հաջորդ օրը` հուլիսի 14-ին, ժամը 16:00-ից սկսած փաստաբան Ն.Սարգսյանը 4 անգամ փորձել է տեսակցել իր պաշտպանյալի հետ, սակայն դա նրան չի հաջողվել: Ոստիկանության քննիչ Կամո Շառոյանը փաստաբանին անընդհատ հավաստիացրել է, որ Յուրա Սիմոնյանը 10 րոպեից կիջնի, սակայն անչափահասն այդպես էլ չի իջել:
Իրավապաշտպան կազմակերպությունը` Հելսինկյան ասոցիացիան, փորձել է հաղորդագրություն ներկայացնել Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք` Սիմոնյանի` ոստիկանության բաժանմունքում անհետանալու վերաբերյալ, սակայն հաղորդագրությունը չի ընդունվել, և անչափահասին բաց են թողել բերման ենթարկելուց մեկ օր անց` հուլիսի 14-ին, ժամը 23:05-ին: Ն.Սարգսյանի տեղեկություններով, Սիմոնյանին ծեծել են ոստիկանության բաժանմունքում և փորձել ստիպել, որ ասի, թե տեսել է բակում տեղի ունեցած վեճի ժամանակ կրակողին: