Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հրաման է ստորագրել 1970-1980-ականների որոշ ահաբեկչությունների վերաբերյալ փաստաթղթերը գաղտնազերծելու մասին, գրում է ITAR-TASS-ը:
Խոսքը 1972 թ. Պետեանոյում 3 կարաբիներների կյանք խլած ականապատված մեքենայի պայթյունի, 1974 թ. Սան Բենեդետո կայարանում 12 մարդու կյանք խլած գնացքի պայթյունի, Միլանի և Բրեշիի հրապարակներում, ինչպես նաև 1980 թ. օգոստոսի 2-ին Բոլոնիայի կայարանում 85 մարդու կյանք խլած պայթյունների մասին է: Այժմ ցանկացած մարդ կարող է ծանոթանալ այս փաստաթղթերին:
Բոլոնիայի կայարանում տեղի ունեցած պայթյունի գործով երեք ահաբեկիչներ են ձերբակալվել, որոնցից երկուսին ցմահ բանտարկության են դատապարտել, իսկ երրորդին՝ 30 տարվա ազատազրկման: Նրանք բոլորը հերքել են պայթյունների կազմակերպմանը իրենց մասնակցությունը, 2009 թ. ժամանակից շուտ ազատ են արձակվել և ազատ բնակության իրավունք ստացել:
Գաղտնազերծվել են նաև Ուստիկա կղզում տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ նյութերը: 1980 թ. հունիսի 27-ին տեղի ունեցած այս ողբերգությունը 81 մարդու կյանք է խլել: Դատական գործը շարունակվում էր մինչև վերջին ժամանակներս, սակայն վթարի իրական պատճառն այդպես էլ չի հաջողվել պարզել: ԶԼՄ-ներում շրջանառվող ամենահավանական տարբերակը Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի զորքերի կողմից բաց թողնված ռազմական հրթիռն է:
«Մեր կառավարության բնութագիրներից մեկը թափանցիկության և բաց լինելու ձգտումն է: Զոհվածների հարազատների, տուժածների և մեր երկրի քաղաքացիների առջև մեր պարտքն ենք համարում հրապարակել ահաբեկչական գործողությունների մասին այս փաստաթղթերը»,-հայտարարել է Ռենցին: Իտալական հասարակությունը ողջունել է նրա որոշումը, իսկ ընդդիմությունը շտապել է քննադատել նրան: Գործող իշխանությունների հակառակորդները պնդում են, որ փաստաթղթերում «չկա այն ճշմարտությունը, որը գիտակցաբար թաքցրել են»: Օրինակ՝ Ուստիկայում ինքնաթիռի պայթյունի պատճառների պաշտոնական տարբերակը զուգարանում եղած ռումբն է: «Դա ոչ թե զոհվածների հիշատակի նկատմամբ հարգանք է, այլ վիրավորանք»,- հայտարարում են ընդդիմադիրները:
Ահաբեկչությունների պատճառների անճշտությունները լրագրողներին առիթ են տվել ենթադրելու, որ դրանց կազմակերպմանը մասնակցել են հատուկ ծառայությունները: Կասկածի տակ է հայտնվել նաև Ջուլիո Անդրեոտին, որը տարբեր տարիների զբաղեցրել է առանցքային կառավարական, այդ թվում՝ նաև ՆԳ և ՊՆ նախարարի պաշտոններ:









































