Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը գաղտնալսել է թուրք պետպաշտոնյաների հեռախոսազրույցները՝ կառավարությանը շանտաժի ենթարկելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ գրում է Hurriyet-ը:
«Գյուլենի կողմնակիցներն ապօրինի գաղտնալսել են իմ հեռախոսային զրույցները: Նրանք ունեն նաև Թուրքիայի նախագահի և Գլխավոր շտաբի պետի հեռախոսազրույցների ձայնագրությւոնները»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ կառավարությունն անում է ամեն անհրաժեշտ բան՝ մաքրելու երկրի պետական կառույցները Գյուլենի կողմնակիցներից:
Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ որոշ պետական մարմիններ գտնվում են Գյուլենի շարժման ուժեղ ազդեցության ներքո:
Վարչապետը նաև նշել է, որ Գյուլենի շարժումը իր հակապետական գործունեությամբ ապացուցել է, որ ոչ թե կրոնական հոսանք է, այլ քաղաքականացված և անօրինական կառույց: Էրդողանը Գյուլենին կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին և ԱՄՆ-ին մեղադրել է նրան աջակցելու համար:







































