ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում վերջին 2 ամիսների ընթացքում հանրապետությունում դիտվող գնանկումը միայն սեզոնայնությամբ չպայմանավորեց:
«Գնանկման տարբեր կոմպոնենտներ էլ են դեր խաղում: Գնանկումը որքան էլ սեզոնային, այնքան էլ կառավարության ջանքերի շնորհիվ է տեղի ունենում»,- հավաստեց Գ. Մինասյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ սպառողական շուկայում 2011 թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական շուկայում գնանկումը կազմել էր 1.4%՝ պայմանավորված պարենային ապրանքների գների 2.9% անկումով, ինչը տեղի է ունեցել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 25.6%, լոլիկի, վարունգի, կաղամբի ապրանքախմբերի ավելի քան 55% գնանկման հաշվին:
Միաժամանակ հիշեցնենք, որ ոչ պարենային ապրանքների շուկային 2011 թ. հունիսին մայիսի համեմատ տեղի էր ունեցել 0.1 % գնաճ՝ բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 1.3 % և 0.3% գնաճի հաշվին:
Ընդ որում, 2011 թ. հունվար-հունիսին 2010 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ գնաճը կազմել է 8.5%, պարենային ապրանքների գներն աճել են 15%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2.1%-ով, իսկ ծառայություններինը՝ 2.8%-ով:











































