Հայաստանի դպրոցների երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում նոր ուսումնական տարվանից կդասավանդվի «շախմատ» առարկան: Ըստ կառավարության որոշման՝ շախմատի դասավանդման համար նախատեսվել է շաբաթական երկուական դասաժամ:
Թե որքանով է արդարացված դպրոցներում վերոնշյալ առարկայի պարտադիր ուսուցումը, «Առաջին լրատվականը» փորձեց պարզել՝ զրուցելով ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի հետ։ Ակադեմիկոսը, որն արդեն տեղյակ էր կառավարության որոշման մասին, թեև կարևորեց շախմատի դերը՝ երեխայի միտքը, տրամաբանությունը կրթելու հարցում, բայց վերապահումով վերաբերվեց դպրոցներում շախմատը համատարած կերպով պարտադիր ուսուցանելու փաստին։
«Կուզենայի, որ դա լիներ կամավոր։ Մանավանդ, որ մենք այդքան մասնագետներ չունենք։ Կա որակյալ մասնագետների պակաս»,- ասաց Է. Ղազարյանը՝ նշելով, որ ավելի նպատակահարմար կլիներ շախմատը ուսուցանել ոչ թե պարտադիր սկզբունքով, այլ կամավոր եղանակով, խմբակների ձևով։ Նա մտավախություն հայտնեց, որ շախմատը կարող է երեխաների մոտ մեծացնել ծանրաբեռնվածությունը ու դառնալ հոգեբանական լուրջ խնդիրների պատճառ՝ առաջացնելով «բացասական հետևանքներ»։
«Շախմատը մտքի ու նյարդերի ահռելի էներգիա է պահանջում։ Լարվածությունը շախմատում ահռելի է։ Այս երկուսի խախտումը կարող է հանգեցնել բացասական էներգիայի»,- համոզված է գիտնականը՝ միաժամանակ չբացառելով փաստը, որ շատ ծնողներ են ցանկանում, որ իրենց երեխաները դառնան Տիգրան Պետրոսյաններ։
Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ շախմատը զարգացնում է տրամաբանությունը, նպաստում մտքի ճկունությանը, սակայն համոզված է, որ «դեռ վաղ է շախմատն այդպես շռնդալից կերպով մտցնել դպրոցներ»։






































