Սիրիական ժողովուրդը փողոց դուրս եկավ սպանվելու համարձակությամբ, և արտաքին աշխարհը չէր կարող ֆինանսավորել նրան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան, լրագրող Վիգեն Չեթերյանը՝ խոսելով «Քաղաքականությունը և բռնությունը Սիրիայում» թեմայի շուրջ:
Նախ խոսելով սիրիական պատերազմի պատճառների մասին՝ նա ասաց, որ կան սիրիական կոնֆլիկտի տարբեր բացատրություններ՝ սիրիական իշխանությունը հակաարևմտյան է, հակաիսրայելական: Կա նաև այլ տեսակետ, թե պայքարը հակադիկտատորական ռեժիմի դեմ է, քաղաքական ազատությունների և մարդկանց իրավունքների համար: Կա նաև երրորդ տեսակետ, համաձայն որի՝ սա պայքար է սուննի-շիա հակասությունների հողի վրա:
Ըստ բանախոսի` այս բոլոր բացատրություններն ունեն իրենց դերը, այլ շերտեր ևս կան, և մեկ ընդհանուր բացատրություն տալը սխալ կլինի:
Վիգեն Չեթերյանը մանրամասն ներկայացրեց Սիրիայի պատմությունը՝ սկսած 1946թ.-ից: Նա նշեց, որ 1946-1970թթ. Սիրիան երկիր էր, որտեղ չկար քաղաքական կայունություն, տեղի էին ունենում ռազմական հեղաշրջումներ, ներքաղաքական պայքարը բավականին թեժ ու ուժեղ էր: «Հաֆես Ալ-Ասադի ժամանակ Սիրիան դարձավ այն պետւթյունը, որ սկսեց միջամտել այլ պետության գործերին: Այդ շրջանում Սիրիան ներխուժեց Լիբանան, Թուրքիային խանգարեց ներքաղաքական կյանքում, ճնշումներ բանեցրեց Թուրքիայի դեմ: Նրա մահից հետո Սահմանադրությունը երկու ժամում փոխվեց, և նրա երիկտասարդ տղան, ով պատրաստ չէր այդ առաքելությանը, դարձավ երկրի նախագահը:
Բաշարի ժամանակ պետության դերը փոխվեց, վերաբաշխման դերը կրճատվեց, և Սիրիան կանգնեց շատ խնդիրների առջև, այդ թվում՝ ժողովրդագրական: Երիտասարդները տեղ չունեին Սիրիայի տնտեսության մեջ, և ամեն տարի հարյուրավոր երիտասարդներ ստիպված էին դրսում տաժանակիր աշխատանքով զբաղվել»,- ասաց նա` հավելելով, որ մարդիկ փողոց դուրս եկան՝ իմանալով, գիտակցելով, որ կարող են սպանվել:
Նրա համոզմամբ` այդ գիտակցությունը հասունացած էր, և արտաքին աշխարհը չէր կարող դա ֆինանսավորել:










































