Մոսկվայում այսօր կկայանա «կասպիական հնգյակի» երկրների արտգործնախարարների հանդիպումը: Աստրախանում սեպտեմբերյան գագաթնաժողովի նախաշեմին նրանք կքննարկեն Կասպից ծովի իրավական կարգավիճակը: Kommersant-ի տվյալներով՝ մոսկովյան հանդիպմանը կարող է նախաստորագրվել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագիծը: Մոսկվային հաջողվել է համոզել գործընկերներին, որ արտատարածաշրջանային տերությունները չպետք է ազդեն Կասպից ծովի վերաբերյալ որոշման վրա: Խոսքը մասնավորապես Կասպից ծովի տարածքում երրորդ երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ ռազմական ուժերի տեղակայման սահմանափակումների մասին է:
Այսօրվա հանդիպումն Աստրախանի գագաթնաժողովի նախապատրաստման առանցքային փուլն է: Դրա համար Մոսկվա են ժամանել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, Ղազախստանի արտգործնախարար Էրլան Իդրիսովը և Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովը: Ինչպես հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, նախարարները նախապատրաստում են առաջիկա ֆորումի ծրագիրն ու օրակարգը, ինչպես նաև դրա ամփոփիչ փաստաթղթերի նախագծերը:
Կասպից ծովի կարգավիճակի մասին բանակցությունները սկսվել էին 1992-ից հետո: Մինչ օրս սահմանների կարգավորման մասին առանձին համաձայնագրեր են ստորագրվել Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև: Սակայն «կասպիական հնգյակի» երկրների միջև տարաձայնությունները պահպանվում են:
Բանակցությունները բարդացնում են շելֆում նավթի ու գազի արդյունահանման հեռանկարները, ինչպես նաև կենսառեսուրսների հասանելիության խնդիրն ու ընդերքով խողովակաշարերի անցկացումը:
Կարգավորման գլխավոր հարցն այն է, թե Մոսկվան կկարողանա՞ խոչընդոտել Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի շրջանցմամբ Անդրկասպիական գազատարի շինարարությանը:









































