Ադրբեջանցի իրավապաշտպան Էյնուլլա Ֆաթուլաևը ԱՄՆ-ին մեղադրել է երկրում իրավիճակն ապակայունացնող գործունեության մեջ: Նա հաստատում է, որ վերջին 10 տարիներին երեք խոշոր ամերիկյան հիմնադրամներն Ադրբեջանի համար առանձնացրել են մոտ 35 մլն դոլար: Այդ գումարով ֆինանսավորվել են ընդդիմադիր ՀԿ-ներն ու կառույցների նախագծերը, որոնք ուղղված են երկրում իշխանության փոխմանը: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Ի պատասխան օրերս haqqin.аz-ում հրապարակված նրա զեկույցի՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն ասել է. «Կարող եմ միայն ասել, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները բացառիկ նշանակություն ունեն: Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այդ նշանակությունը միայն բարձրանում է: ԱՄՆ-ն ու Ադրբեջանը պետք է ամեն ինչ անեն՝ պահպանելու այդ հարաբերությունների մակարդակը: Այն ուժերը, որոնք հանդես են գալիս նման հավաստումներով, փորձում են վատացնել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները: Մենք դա թույլ չենք տա, ոչ ոք չպետք է հավատա այդ անհեթեթությանը»:
Հարկ է նշել, որ անցած գարնանը Շատրվանների հրապարակում NIDA ընդդիմադիր երիտասարդական կազմակերպության անցկացրած զանգվածային անկարգություններին մասնակցած երիտասարդների մեծ մասը նախապատրաստություն են անցել Aзiq Fikir Universiteti-ում (Ազատ մտքի համալսարան):
Իրավապաշտպանի ներկայացրած բոլոր փաստերին ծանոթանալուց հետո շատերն Ադրբեջանում մտածում են այն հարցի շուրջ, որ եթե ԱՄՆ-ն իրականում Ադրբեջանին համարում է իր ռազմավարական գործընկերը, ապա ինչո՞ւ է ֆինանսավորում տեղի ընդդիմությանը, այդ թվում՝ դրա արմատական մասին:







































