Սիրիայում հունիսի սկզբին նախագահական ընտրությունների անցկացումը կդառնա «ժողովրդավարության ծաղր»: Ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ մեկնաբանելով Սիրիայի Ժողովրդական խորհրդի խոսնակի հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում ընտրությունները կանցկացվեն հունիսի 3-ին: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Քարնիի կարծիքով՝ ներկայիս նախագահ Բաշար Ասադը ծաղրի է վերածում սեփական հավակնությունները, թե հանդիսանում է ժողովրդավար կերպով ընտրված առաջնորդ: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը համոզված է, որ ընտրությունները կդառնան «ժողովրդավարության ծաղր և լեգիտիմ չեն լինի ո՛չ Սիրիայի ներսում, ո՛չ էլ դրա սահմաններից դուրս»:
«Չեմ կարծում, որ այդ կերպ կարելի է առաջ տանել (կարգավորման) գործընթացը»,- նշել է Քարնին:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է սիրիական ճգնաժամից ելքի միակ ուղին համարել քաղաքական լուծումը: «Մենք շարունակում ենք ձգտել գործընթացի, որի դեպքում բանակցությունների ուղով ձեռք բերված լուծումը կտանի քաղաքական անցման, այսինքն՝ Դամասկոսում նոր կառավարության»,- կարծում է Քարնին:








































