Մարտի վերջին Վաշինգտոնը փորձեց Պեկինի վրա ճնշում գործադրել և նրան կոչ է արել միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայի նկատմամբ նրա գործողությունների համար, սակայն Չինաստանը ճնշումը վիրավորական համարեց և հրաժարվեց սահմանափակումներ ներմուծել Մոսկվայի նկատմամբ, «Կոմերսանտին» հայտնել է իրավիճակին ծանոթ ռուսական դիվանագիտական աղբյուրը: Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ը Չինաստանի ղեկավարությանը համառորեն համոզել է միանալ ՌԴ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներին:
ԱՄՆ նախագահի մամլո ծառայությունում հայտնել են, որ Չինաստանում «պատրաստ չեն քննարկել ոմն օտարերկրացիների հայտարարություններն ու ենթադրությունները»:
Այդուհանդերձ, պարբերականի տեղեկություններով՝ ամերիկյան պետդեպարտամենտը և Պեկինում ԱՄՆ դեսպանության աշխատակիցները ուկրաինական ճգնաժամի սրման պահին այդ թեմայով ակտիվորեն փոխգործակցել են Չինաստանի ղեկավարության հետ: Վաշինգտնում նաև չեն թաքցնում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտին Չինաստանի ղեկավարությանը փորձել է համոզել հրապարակավ հանդես գալ Ղրիմում Ռուսաստանի գործողությունների քննադատությամբ:
Բարաք Օբամայի և Սի Ցզինպինի փակ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 24-ին Հաագայում: Օբաման Չինաստանի ղեկավարին պատմել է հետագա քայլերի մասին, որ պատրաստ են ձեռնարկել ԱՄՆ-ը և եվրոպական պետությունները՝ ի պատասխան ՌԴ-ի գործողությունների: «Նա պարզ հասկացրեց, որ Մոսկվայի քաղաքական և տնտեսական մեկուսացման հարցն արդեն վճռված է, և այդպիսի գործողություններին միաձայն աջակցում են G7-ի և ՆԱՏՕ-ի բոլոր անդամները»,- պատմել է պետդեպարտամենտին մոտ աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ գերատեսչությունում հույս չեն ունեցել, որ Պեկինը կմիանա ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներին: Նրա կարծիքով՝ դրա պատճառներից են Մոսկվայի հետ Պեկինի սերտ կապերը:
Թերթի տվյալներով՝ ՌԴ ներկայացուցիչներին բացատրելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի նիստերին Ղրիմում իրավիճակի վերաբերյալ քվեարկությունների ժամանակ ձեռնպահ մնալու իր որոշումը՝ Չինաստանը բերել է Թայվանի, Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի և Տիբեթի հետ իր խնդիրները, նաև խոսել է միջազգային իրավունքի նորմերին հետևելու կարևորության մասին:
Չնայած սրան՝ Մոսկվան Չինաստանին համարում է իր դաշնակիցը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ սրանում անսպասելի ոչինչ չկա. «Մեր հարաբերությունները բավական հաջող են զարգանում և աննախադեպ բարձր մակարդակի վրա են, վստահության և համագործակցության մակարդակի վրա:- ասել է Պուտինը:- Մենք հարևաններ ենք, իսկ այդ իմաստով, հայտնի չափով, բնականաբար, նաև դաշնակիցներ»:








































