Interview Magazine հրատարակությունը հրապարակել է դերասաններ Բրեդ Փիթի և Էնթոնի Հոփքինսի զրույցը, որի ընթացքում նրանք եկել են այն եզրակացության, որ տարիքի հետ մարդիկ ավելի խոցելի են դառնում:
«Ես լաց չեմ եղել շուրջ 20 տարի, բայց այժմ ավելի հուզական եմ դարձել: Ինձ մտահոգում են երեխաները, ընկերները, նորությունները,- խոստովանել է դերասանը: -Կարծում եմ, որ դա լավ նշան է»:
Դրան Հոփքինսը, որը Փիթի հետ նկարահանվել Է «Աշնան լեգենդները» (1994 թ.) և «Ծանոթացեք, Ջո Բլեք» (1998 թ.) ֆիլմերում, հավելել է, որ նման արցունքները, որպես կանոն, չեն թափվում տխրության պատճառով: «Տարիքի հետ հայտնաբերում եք, որ երբեմն պարզապես ցանկանում եք լաց լինել: Պատճառը վիշտը չէ: Խոսքը կյանքի վեհության մասին է»,- մեկնաբանել է «Օսկար» մրցանակի դափնեկիրը:
Դերասանները քննարկել են սխալները, որոնք կատարել են անցյալում: Բրեդ Փիթի կարծիքով՝ մարդկանց մասին պետք է դատել ոչ թե նկատի առնելով նրանց վրիպումները, այլ այն, թե ինչպես են նրանք դրանց արձագանքում: «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ բոլորը միմյանց չափազանց խիստ են դատում սխալների համար: Մենք դրան չափից ավելի մեծ նշանակություն ենք տալիս։ Բայց մենք միշտ ենք սխալվելու: Անհամեմատ ավելի կարևոր է տեսնել, թե պատահածից հետո ինչ քայլ կանի մեղավորը»,- ասել է Փիթը։








































