Տրամաբանությունը հուշում է, որ նախագահական երկրորդ ժամկետին, ցանկացած նախագահ դառնում է ավելի ինքնավստահ, նրա գործողությունները լինում են ավելի կանխատեսելի, գործունեությունը ձեռք է բերում տրամաբանական առանցք: Բայց Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման պարագայում այդ ամենը կարծես թե լինի գլխիվայր:
Այսինքն` նրա նախագահական պաշտոնավարման առաջին շրջանը, որքան էլ տարօրինակ թվա այդ պնդումը շատերի համար, ավելի տրամաբանված էր և ավելի ներքին հանգստություն ուներ իր մեջ, չնայած հետընտրական հայտնի իրադարձություններին, ողբերգություններին և լարվածությանը, քան կա այժմ: Այսինքն` որքան ժամանակ է անցնում Սերժ Սարգսյանի երկրորդ շրջանի պաշտոնավարումից, այդքան Հայաստանում գործընթացները, երևույթները, իրադարձությունները դառնում են հակասական, չտրամաբանված, անսպասելի, անկանխատեսելի:
Այդ իրավիճակը հատկապես բուռն դրսևորվեց սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտարարությունից հետո, որից հետո աներկբա տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանն ավելի ու ավելի է կորցնում պրոցեսների վրա ազդելու հնարավորությունները, իսկ լավագույն դեպքում այդ ազդեցությունը առկա է «հրշեջության» սկզբունքով: Այսինքն` Սերժ Սարգսյանն ընդամենը հասցնում է մարել, բայց ոչ կանխել կրակը: Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ շրջանի մեկնարկի շրջանում դա բավականացնում էր դիրքային նվազագույն ցնցումներ թույլ տալու և հիմնական առումով իրավիճակին կուլ չգնալուն, ապա այժմ, բնականաբար, կրակը մարելը ճակատագրական ուշացում կլինի Սերժ Սարգսյանի համար: Հետևաբար, մինչև հերթական ընտրական շրջան, այն էլ եթե խոսքը հերթական ընտրության մասին է, Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելով փորձում է հրշեջ ռեժիմից անցնել կանխարգելող ռեժիմի:
Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելու փաստն ինքնին խոսում է Հայաստանում ստեղծված քաղաքական համակարգի ուղղակի «նոկդաուն» վիճակի մասին և այդ պատճառով այսօր խոսել արտահերթ ընտրական զարգացումների մասին անլուրջ է: Ակնհայտ է նաև, որ գալիք ընտրությունները, ինչպիսին էլ որ դրանք լինեն, հանրապետականի համար լինելու են առաջին ճակատագրական ընտրությունները:
Բանն այն է, որ պաշտոնավարման առաջին շրջանը համեմատաբար հանգիստ և հանդարտ պայմաններում անցնելու կարևոր պատճառը, թերևս, այն էր, որ Սերժ Սարգսյանն ուներ ներքին կյանքում լուրջ, անկեղծ, ոչ իմիտացիոն բարեփոխումների գնալու, դրանց կայուն հիմքերը դնելու շնորհիվ երկրում իրավիճակ փոխելու, մթնոլորտ փոխելու շանս: Տարբեր են, իհարկե, գնահատականները այն մասին, որ այդ շանսը խիստ տեսական էր և գործնականում Սերժ Սարգսյանն անկարող էր գնալ այդպիսի բարեփոխումների, եթե նախագահ էր դարձել այնպիսի մեթոդներով և այնպիսի ուժերի վրա հենված, ինչպիսիք հայտնի են հասարակությանը:
Բայց այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը մինչև հասարակածն ուներ բարեփոխումների համարձակություն դրսևորելու շանս, և այդ շանսի առկայությունը նրա համար ապահովում էր պաշտոնավարման ավելի հանդարտ պայմաններ:
Վերջին զարգացումներն ու նշանակումները ցույց են տալիս, որ այդ շանսը բաց է թողնված, բաց է թողնված կատարելապես, ինչն էլ իր հերթին մեծ ազդեցություն է թողնում իրադարձությունների զարգացման տրամաբանության վրա, Սերժ Սարգսյանին փաստացի զրկելով այդ շանսով պաշտոնավարման երկրորդ շրջանում ապահովող «պաշտպանիչ զրահից»:








































