Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների «սև ցուցակը»:
Այս տարվա առաջին եռամսյակի սև ցուցակը գլխավորում են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:
Ըստ աղբյուրի, 2014թ.-ի մարտի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Էդվարդ Հովհաննիսյանի խնդրանքով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ զինվորական ծառայության պիտանելության համար անթույլատրելի հիվանդությունների վերաբերյալ: Սակայն նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:
2014թ.-ի մարտի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը` խնդրելով տեղեկություններ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների վերաբերյալ: Նախարարությունը տրամադրել է անհիմն պատասխան: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ նախարարությունը հարցման 2-րդ հարցով խնդրված տեղեկությունը մերժել է անհիմն` օրենքով չսահմանված պատճառաբանությամբ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Նաիրա Կարապետյանի խնդրանքով 2014թ.-ի մարտի 27-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը և խնդրել է տեղեկություններ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները տրամադրելու համար պահանջել է ներկայացնել փաստաբանական արտոնագիր: Սա անհիմն պահանջ է, քանի որ տեղեկություն ստանալու իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, այլ ոչ թե փաստաբանների մենաշնորհը, և պետք է իրացվի առանց խտրականության: