Gold Derby կայքի վերլուծաբանները, որը զբաղվում է զվարճանքի ոլորտում կանխատեսումներ անելով, գնահատել է, թե «Օսկար» ստանալու ինչ շանսեր ունեն այս տարվա հաջողված ֆիլմերը, ինչպես նաև ռեժիսորներն ու գլխավոր դերակատարները:
Փորձագետների կարծիքով՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթելու ամենամեծ շանսն ունի Մարտին Սքորսեզեի «Իռլանդացին» քրեական դրաման, որը Netflix-ով կցուցադրվի նոյեմբերի 27-ին:
Երկրորդ տեղում հայտնվել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» ժապավենը, երրորդում՝ «Ամուսնական պատմություն»-ն է, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Սքառլեթ Յոհանսոնը և Ադամ Դրայվերը:
Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր»-ն այս վարկանիշում զբաղեցրել է տասներորդ հորիզոնականը:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, ինչպես կարծում են վերլուծաբանները, կարող է հաղթել Մարտին Սքորսեզեն: Փոքր-ինչ պակաս շանսեր ունեն Քվենտին Տարանտինոն և Պոն Չժուն Հոն, որն այս տարի ներկայացրել Է «Պարազիտներ» դրաման:
«Կնոջ լավագույն դեր» ցուցակում առաջատարներն են՝ Ռենե Զելվեգերը («Ջուդի»), Սքառլեթ Յոհանսոնը և Շառլիզ Թերոնը («Սկանդալ»), իսկ «Տղամարդու լավագույն դեր» կատեգորիայում մեծ հավանականությամբ «Օսկար»-ի դափնեկիր կարող են դառնալ Հոաքին Փենիքսը, Ադամ Դրայվերը և Ռոբերտ դե Նիրոն:
Ամերիկյան կինոակադեմիան 24 կատեգորիայում անվանակարգորդներին կհայտարարի 2020 թվականի հունվարի 13-ին: «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը պլանավորված է փետրվարի 9-ին։











































