Իշխանության մեջ սկսված վերադասավորումները շատերը գնահատում են 2017-18 թվականների ընտրական փուլի կոնտեքստում` համարելով, որ իշխանությունները նախապատրաստվում են այդ փուլին: Խոշոր հաշվով, սա իսկապես այդպես է, սակայն միևնույն ժամանակ` այդպես է այնքանով, ինչքանով որ այդպես է իշխանությունների ցանկացած քայլ, որոշում, նախաձեռնություն և ընդհանրապես` ցանկացած քաղաքական գործունեություն՝ ընտրությունից ընտրություն:
Ըստ էության, Հայաստանում տեղի ունեցող վերադասավորումները ավելի շատ պայմանավորված են առկա իրավիճակով, որն առաջացրել էր նման շարժերի անհրաժեշտություն, քանի որ ակնհայտորեն տեղի էր ունենում իշխանական տեխնոլոգիաների լճացման գործընթաց: Այսինքն` իրավիճակն այլևս չէր պահվում գոյություն ունեցող տեխնոլոգիաների միջոցով, այսինքն` զուտ դասական բաժանումը, որ անվանական առումով արտահայտվում էր ՀՀԿ-ԲՀԿ տիրույթով, այլևս շատ քիչ էր գործընթացները տեխնոլոգիական վերահսկողության տակ պահելու համար, և լճացումը կամ ճահճացումը սպառնում էր ընդհանրապես զրկել կողմերին հընթացս մարտավարական վերանայումներ կատարելու կարողությունից:
Այսինքն` ինչպես հեղափոխության պարագայում՝ երեկ շուտ էր, վաղը կարող է ուշ լինել, և իշխանությունները որոշեցին վերադասավորումները սկսել այսօր, իմպրովիզների հնարավորությունը պահպանելու համար, քանի որ մինչև հաջորդ ընտրական ցիկլը դեռ կա չորս տարի ժամանակ: Կասկած չունենաք, որ մինչ այդ Հայաստանի քաղաքական դաշտը վերստին հայտնվելու է նոր և ոչ պակաս մասշտաբային, իսկ միգուցե և ավելի մասշտաբային վերադասավորումների առաջ: Դրանց բնույթի մասին կանխագուշակումներ անելը դեռ վաղ է, սակայն ակնհայտ է, որ այն, ինչ այսօր է տեղի ունենում, իր մեջ չի պարունակում որևէ որոշակիություն և կոնցեպտուալություն, հետևաբար այն չի կարող է կրել երկարաժամկետ բնույթ ապրիորի:
Ըստ որում` խոսքը և՛ բուն իշխանական շրջանակների գործողությունների մասին է, և՛ այսպես ասած ընդդիմադիր կամ ոչ իշխանական, որտեղ ևս ակնհայտորեն բացակայում է կոնցեպցիան, և ընթանում են զուտ իրավիճակային գործողություններ, իրավիճակային որոշումներ են կայացվում:
Ահա այս իմաստով, Հայաստանում բոլորովին վաղ է խոսել 2017-18 թվականների խաղարկվող սցենարների մասին: Համենայնդեպս այն, ինչ այսօր է տեղի ունենում` այդ սցենարների մասին խոսելու հիմնավոր պատճառներ կամ առիթ չեն: Առավել ևս, որ Հայաստանի և՛ արտաքին քաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական իրավիճակները ինքնին հնարավորություն չեն տալիս Հայաստանի կամազուրկ իշխանություններին քիչ թե շատ երկարաժամկետ պլանավորում իրականացնել ներքաղաքական դաշտում: Ներկայումս առկա է վերադասավորումների հարցում կոնսենսուս, այսինքն` ակնհայտ է, որ ոչ ոք էական դժգոհություններ չունի այս ամենից, և ըստ էության քչերին են հետաքրքրում նաև կոնկրետ տեղաբաշխումները, քանի որ բոլորը հասկանում են, որ դրանք անհրաժեշտ են այսօրվա իրավիճակը չճահճացնելու համար, այն էլ` միայն առերևույթ:
Բոլորն են հասկանում, որ տեղի ունեցող դասավորությունները կրում են ժամանակավոր բնույթ, և անկախ նպաստավոր լինել-չլինելու հանգամանքից` չարժե շտապել և ֆալստարտ տալ: Մեծ հաշվով, բուն հանգուցալուծումները լինելու են Արևմուտք-Ռուսաստան տիրույթում, իսկ այնտեղ դեռ հարաբերությունների նոր համակարգի ուղղությամբ դիրքային պայքար է ընթանում, և այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում` ընդամենը խաղ է ժամանակի վրա, մինչև այն, թե երբ որոշակի ազդակներ կգան Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների քիչ թե շատ հստակեցված որևէ համակարգի կապակցությամբ:
Այդ համակարգն անկասկած ձևավորվելու է: Թե ինչ հարաբերակցություն կլինի դրանում, Ռուսաստան-Արևմուտք սուբյեկտային ինչ հարաբերակցություն, դժվար է ասել: Դժվար է ասել նաև՝ այդ համակարգի ձևավորումը կբերի՞ կայունության Ուկրաինայում, թե՞ համակարգը Ուկրաինայի հաշվին էլ կձևավորվի: Սակայն դրա ձևավորումն անխուսափելի է, քանի որ ներկայիս դիմակայությունն այս ձևով երկար շարունակվել չի կարող՝ Ռուսաստանի, այսպես ասած, աննահանջ ընթացքը այնուամենայնիվ սահման ունի, որից հետո արդեն պետք է հաստատվեն հարաբերությունների կանոններ: Ի վերջո, հարաբերությունների լիակատար բացակայությունն էլ տեղի է ունենալու որոշակի կանոնների սահմաններում:
Միայն դրանից հետո պարզ կլինի, թե ինչ է սպասում Հայաստանին: Հայաստանին սպասում է երկարատև և ծանր ստրկությո՞ւն Ռուսաստանի սահմաններում, միայն հերթական անգամ կործանվող կայսրության փլատակների տակ մնալու գնով փրկվելու տխուր հեռանկարով, թե՞ սպասում է Ռուսաստան-Արևմուտք տիրույթում որևէ` այսպես ասած փոխանակման միջոցով շահելու և այդպիսով քաղաքակրթական առաջատար ճամբարում հայտնվելու հնարավորություն:
Տարբերակները կարող են շատ լինել, սակայն դրանք որոշակի կդառնան միմիայն երկու բևեռների միջև որևէ կանոնների ի հայտ գալու դեպքում: Այսօր տեղի է ունենում նրանց միջև մարտ առանց կանոնների, ինչը անկանոնություն է բերում նաև որոշ «սատելիտների», այդ թվում` Հայաստանի ներքին կյանքում:
Լուսանկարը` PAN Photo-ի








































